
Կառավարությունը հավանություն տվեց Արման Աբովյանի ներկայացրած նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ 14-ից ավելի անդամից բաղկացած խորհրդարանական խմբակցությունն ունենա ոչ թե 4 փորձագետ, այլ հինգ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակով և դրանից բխող մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով ԱԺ խմբակցությունների աշխատանքի արդյունավետության և նոր մասնագետների ներգրավմամբ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակը բարձրացնելու անհրաժեշտությունը, նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ տարեկան շուրջ 5 մլն դրամի չափով:
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը լիարժեք գնահատելու համար, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ վիճակագրական տվյալներ՝ իրավական ակտերի նախագծերի՝ նախորդ տարիների համեմատ գրանցված աճի վերաբերյալ»: