
Կառավարությունը պահուստային ֆոնդից 720 մլն դրամ հատկացրեց մարտի 1-2-ի դեպքերից տուժած անձանց աջակցություն տրամադրման համար

Այսօր կառավարության նիստում պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 720 մլն դրամ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ հատկացումը 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով է:
Ըստ նրա՝ զոհվածների իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն:
«Փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ կողմից կայացված որոշումների հիման վրա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հայտնի փաստ է, որ ինքը ևս առնչություն ունի Մարտի 1-2-ի իրադարձություններին և կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ:
Նրա խոսքով, որպեսզի չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում Մարտի 1-2-ին տուժածներին աջակցելու համար, այս գործողությունն արվում է ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ փոխհատուցման թեման կփակեն ՄԻԵԴ որոշումների հիման վրա, որպեսզի Մարտի 1-2-ին ներգրավված անձինք չորոշեն փոխհատուցման չափը:
Ռ.Բադասյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը հնարավոր է իր որոշման մեջ հաշվի առնի ՀՀ կառավարության այս որոշումը: