«Մի նորմալ ավտո բերեք, էլի, ոնց որ երեխեն չիշիկ անելով գնա-գա: Էս թոզին տենց ջրում, մարդ եք խաբո՞ւմ». ալավերդցիները հանդիպեցին ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությանը
Ալավերդիում բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են սկսել՝ դժգոհելով քաղաքի անմխիթար ճանապարհից:
«Պատճառն այն է, որ խոստացել էին մեր ճանապարհը մինչև սեպտեմբեր վերանորոգել, բայց ոչ մի աշխատանք չի կատարվել, ճանապարհը նույն ձևի անմխիթար մնացել է: Աշխատողներին տուն են ուղարկել, տեխնիկա չկա, ոչ մի գործ չի արվում: Խոսքը Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) ճանապարհահատվածի մասին է: 1 տարուց ավելի է՝ աշխատանքները սկսել են, քանդել են, փշրել: Ապրիլին Տրանսպորտի նախարարը եկավ, ժողովրդին հանդիպեց, ասաց, որ Ալավերդու հատվածը մինչև սեպտեմբեր կվերանորոգվի, բայց նույն ձևը մնում է: Ասֆալտի շերտը քերել են, ու այդպես մնացել է: Մեքենաները ջարդվում են, վարորդները բողոքում են, ժողովուրդն էլ թոզի մեջ խեղդվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու ավագանու անդամ Ալիկ Նասիբյանը:
Համայնքի ներկայացուցիչները հայտնեցին, որ աշխատանքներին խոչընդոտում է Beeline-ի կաբելը, որը ճանապարհային ծածկի տակ է, դա հիմնական կաբելն է, որ կապում է Հայաստանը Վրաստանի հետ: Սյուներ են ուզել, որ հանեն կաբելը դրանց վրա, որպեսզի կարողանան աշխատել: Բացի այդ, խնդիրներ կան նաև խմելու ջրի, կոյուղագծերի հետ:
Կոյուղու գծագրերը կան, խմելու ջրի հետ կապված էլ սպասում են «Վեոլիա ջրին», որ գծագիր անեն, ներկայացնեն:
Բնակիչներն ասացին, որ աշխատանքները պետք է սկսեն, քանի դեռ անձրևները չեն եկել:
– Գոնե գրունտ,- առաջարկեց նրանցից մեկը:
– Մեր ճանապարհը պետք է երկկողմանի լինի, հերիք եղավ, բոլ եղավ: Հիվանդանոց էլ չենք կարողանում գնալ, մեքենաները լրիվ ջարդված են: 4 ամսվա ընթացքում հնարավո՞ր չէր այդ խմելու ջրի նախագիծը պատրաստել,- հավելեց մյուսը:
Ավելի ուշ՝ ժամը 15:00-ին, բնակիչներին հանդիպեց ճանապարհի շինարարությունն իրականացնող AAB ընկերության ներկայացուցիչ Ալիշան Կարա-Սարգսյանը:
«Ամեն ինչ պետք է անես, որ ճանապարհի վիճակը բարվոք լինի: Ամենաուշը հոկտեմբերի 10-ին կոյուղու գրունտի հարցը պետք է լուծված լինի»,- դիմելով AAB ընկերության ներկայացուցչին՝ ասացին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն ու բնակիչները:
«Մենք կսկսենք գործ անել, բայց շաբաթը մեկ կնստենք ու կասենք, թե ուր հասանք, ու ինչն է խոչընդոտում: Աշխատանքները հերթով պետք է սկսենք, միանգամից ինձ մի «խեղդեք», ասեք, թե ոնց անենք ամբողջ գործը»,- նշեց AAB ընկերության ներկայացուցիչ Ալիշան Կարա-Սարգսյանը:
«Մի նորմալ ավտո բերեք, էլի, ոնց որ երեխեն չիշիկ անելով գնա-գա: Էս թոզին տենց ջրում, մարդ եք խաբո՞ւմ: Ալավերդիում 5-րդ սորտի մարդիկ չեն ապրում»,- զայրացավ բնակիչներից մեկը:
Նրանք պահանջեցին, որ կառավարությունից որևէ մեկը գա ու խոսի իրենց հետ.
«Ուզում ենք, որ մեր հենակետը Կառավարությունը լինի: Երբ Կառավարությունից այստեղ մեկը լինի ու խոստանա, որ հոկտեմբերի 13-ից լուրջ աշխատանք կտեսնենք, ճանապարհը կբացենք»:
Ավելին՝ AAB ընկերության ներկայացուցչին ասացին, որ նրա բանավոր խոսքին չեն հավատում, թող գրավոր գրի խոստումները ու հանգիստ գնա իրենց տուն:
Հետո հարցրին՝ խոստանո՞ւմ եք, որ երկուշաբթիից մինչև շաբաթ աշխատելու եք:
Ընկերության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց, ասաց, որ վաղվանից փոսալցման աշխատանքները կսկսեն:
Համաձայնեցին հնարավորություն տալ:
Անի Կարապետյան