«Տնտեսվարողներին ոչինչ չի կարող պարտադրվել օրենքից դուրս». Քաղաքապետի մամուլի խոսնակ
Օրերս Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքապետը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն՝ առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:
«Ժողովուրդ» թերթը, սակայն, այսօր տեղեկացրել է, որ ուղևորափոխադրողներն այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից, և, որ նրանց մտահոգել է քաղաքապետի «առաջարկը»` եղած ավտոպարկը թարմացնելու վերաբերյալ:
Մանրամասների մասին տեղեկություն ստանալու համար 168.am-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Վերջինս լուրը որակեց ապատեղեկատվություն. «Թերթը չարաչար սխալվում է, «ժողովուրդ» թերթն ապատեղեկատվություն է տարածում»:
Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ նա հայտնեց, որ արդեն հրապարակումով հանդես են եկել, իսկ պարտադրանքի մասին նշեց. «Տնտեսվարողներին ոչինչ չի կարող պարտադրվել օրենքից դուրս. տնտեսվարողներին առաջարկել է քաղաքապետը, և մենք դրա մասին հայտարարություն տարածել ենք: Տեղի է ունեցել մոտ 1.5 ժամ հանդիպում տնտեսվարողների և ուղևորափոխադրողների հետ, որի ընթացքում քաղաքապետը ներկայացրել է նոր տրանսպորտային ցանցին վերաբերող որոշ մանրամասներ: Եվ առաջարկվել է, որ իրենք նախ համալրեն իրենց շարժակազմը և մտածեն նաև նոր տրանսպորտային ցանցին մասնակցություն ունենալու մասին»:
Զարուհի Դիլանյան