Բաժիններ՝

Ովքե՞ր են ՖԻՖԱ-ի The Best մրցանաբաշխության հավակնորդները՝ բոլոր անվանակարգերում

ՖԻՖԱ-ն նշել է այս տարվա The Best մրցանաբաշխության բոլոր հավակնորդներին:

Լավագույն մարզիչ

Եզրափակչի երեք մասնակիցներն են՝ Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») և Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»):

Գվարդիոլան նվաճեց Պրեմիեր լիգան և երկու գավաթ, Կլոպը նվաճեց Չեմպիոնների լիգան և երկրորդը դարձավ Պրեմիեր լիգայում, Պոչետինոն դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից, իսկ Պրեմիեր լիգայում նվաճեց երրորդ տեղը:

Սկզբնապես, հավակնորդների ցանկում ներառված էին նաև Ջամել Բելմադին (Ալժիրի հավաքական), Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի հավաքական), Մարսելո Գալարդոն («Ռիվեր Փլեյթ»), Ռիկարդո Գարեկան (Պերուի թիմ), Ֆերնանդո Սանտոսը (Պորտուգալիայի հավաքական), Էրիկ տեն Հագը («Այաքս») և Տիտեն (Բրազիլիայի հավաքական):

Լավագույն ֆուտբոլիստ

Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը:

Տարվա լավագույն գոլ

Լավագույն գոլի համար պաքարում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Խուան Կվինտերոն և «Դեբրեցենի» կիսապաշտպան Դանիել Ժորին:

Լավագույն դարպասապահ

Լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդներն են Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա), Էդերսոն Մորաեսը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) և Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա», Գերմանիա):

Ալիսոնը նվաճեց Չեմպիոնների լիգայի և Ամերիկայի գավաթը, Էդերսոնը նվաճեց Պրեմիեր լիգան, Ամերիկայի գավաթը և երկու ակումբային գավաթները, տեր Շտեգենը դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Լավագույն կին ֆուտբոլիստ

Նրանք են Լյուսի Բրոնզը (Անգլիա), Մեգան Ռապինոն և Ալեքս Մորգանը (երկուսն էլ` ԱՄՆ):

Կանանց հավաքականի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը ընդգրկված է կանանց թիմի լավագույն մարզչի համար մրցանակի համար հավակնորդների եռյակում:

Բացի Նևիլից, ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ջիլ Էլիսը և Հոլանդիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը:

Նևիլը նախորդ տարվա հունվարին գլխավորեց Անգլիայի կանանց ազգային հավաքականը, աշխարհի վերջին գավաթի խաղարկությունում անգլիացի կանայք գրավեցին 4-րդ տեղը:

ԱՄՆ հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության հաղթող:

Մրցանակը շնորհվում է 2018 թվականի հուլիսի 16-ից մինչև 2019 թվականի հուլիսի 19-ը կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա:

Մրցանակները կհանձնվեն սեպտեմբերի 23-ին, Միլանի La Scala Opera House-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս