Մարգարյան ծննդատանը ծննդկան է մահացել
Մարգարյան ծննդատանը սեպտեմբերի 2-ին ծննդական է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լրատվամիջոցներում շրջանառվող լուրը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ մահացել է 24-ամյա ծննդկան:
«Այո, նման դեպք եղել է: Երբ նախարարությանը զեկուցվել է դեպքի մասին, մեր մասնագետների կողմից լրացուցիչ մասնագիտական խումբ է հրավիրվել նշված բժշկական կենտրոն, այդ թվում` գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ, և կոնսիլիում է կազմակերպվել՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է եղել տեղափոխել այլ բժշկական կենտրոն՝ կյանքը փրկելու համար։ Սակայն հիվանդն այդ պահին արդեն տեղափոխման ենթակա չի եղել»,-ասաց Նիկողոսյանն ու հավելեց՝ նախարարությունը շատ ցավում է դեպքի կապակցությամբ:
Առողջապահության նախարարությունը ներքին քննարկում է կազմակերպելու, քննարկվելու են մայրական մահացության բոլոր դեպքերը, հատկապես վերջին դեպքերը ենթարկվելու են մանրամասն վերլուծության:
Նախարարությունից այս պահին ավել տեղեկություն չկարողացան հայտնել, քանի որ սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
«Արմենպրես»-ը զանգահարեց նաև ծննդատուն, սակայն այս պահին տեղեկություն չստացավ: