Էնֆիաջյանն ուսանողների հետ հանդիպմանը քննարկել է կրթաթոշակը 20 հազար դրամ դարձնելու մասին նախագիծը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ: ԱԺ փոխնախագահը նրանց հետ հանդիպել է սեպտեմբերի 2-ին:
Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների կրթաթոշակը դարձնել 20.000 դրամ, ներկայիս 5000 դրամի փոխարեն, իսկ գերազանց առաջադիմությամբ ուսանողներինը՝ 30.000 դրամ՝ 6000-ի փոխարեն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 1999թ-ից առ այսօր նշված օրենքի վերոհիշյալ դրույթը փոփոխությունների չի ենթարկվել, իսկ կրթաթոշակի 5000 դրամը համադրելի է եղել այդ տարիների նվազագույն աշխատավարձի հետ:
Փոխնախագահի տեղեկացմամբ՝ նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:
Օրենսդրական նախագիծը, ըստ Վահե Էնֆիաջյանի, խորհրդարանի հավանությանն արժանանալու դեպքում, ուժի մեջ կմտնի 2020թ-ի սեպտեմբերի 1-ին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, լսել նրանց առաջարկները: