Մելիք Մանուկյանի եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի. «Փաստինֆո»
Դատարանն այսօր բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Հովսեփ Սարգսյանից։
«Դատարանն այսօր քննարկեց և բավարարեց գրավի միջնորդությունը։ Ռոբերտ Մանուկյաննը կալանքից կազատվի 800 հազ. դրամ գրավի դիմաց»,-նշեց փաստաբանը։
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանն ընդգծել էր, որ սա միջին ծանրության հանցագործություն է, որի համար մարդկանց չեն կալանավորում։ Բացի այդ օրենսդիրը պահանջում է, որպեսզի դատարանը պատճառաբանի՝ ինչու է բացառիկ միջոց կիրառում կալանավորումը։ Փաստաբանը պնդում է՝ պատճառաբանությունը պետք է լինի հիմնավոր, մինչդեռ դատարանը նմանատիպ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին ոստիկանները օգոստոսի 3-ին տարել էին ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով՝ առանց նրան ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու որոշում ունենալու։ Ռ.Մանուկյանը հրաժարվել էր առանց օրինական հիմքի գնալ ոստիկանություն, սակայն նա հարկադրաբար տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ, ըստ նրա հայտարարության, ենթարկվել է բռնության։
Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: