Բաժիններ՝

Ընդդիմությունը 28 ժամվա ընթացքում պլան կներկայացնի առանց գործարքի Brexit թույլ չտալու վերաբերյալ

Առաջիկա 28 ժամվա ընթացքում կոնկրետ պլաններ կներկայացվեն առանց գործարքի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուեակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը՝ ելույթ ունենալով Անգլիայի հյուսիսում գտնվող Սոլֆորդ քաղաքում:

«Մենք կմիավորվենք մյուս պատգամավորների հետ, որպեսզի փորձենք խոչընդոտել առանց գործարքի դուրս գալուն, մենք դրա համար կանենք հնարավոր ամեն ինչ: 28 ժամ կամ մոտավորապես այդքան ժամանակ անց դուք ավելի հստակ պատկերացում կունենաք, թե ինչ է առաջարկվելու խորհրդարանում»,- ասել է Քորբինը, որի ելույթը ցուցադրել է BBC հեռուստաալիքը:

Այսպիսով, Քորբինը հաստատել է, որ արդեն սեպտեմբերի 3-ին՝ ամառային արձակուրդներից հետո խորհրդարանի աշխատանքի առաջին օրը, պատգամավորները կփորձեն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կխոչընդոտի Եվրամիության կազմից առանց գործարքի երկրի դուրս գալուն:

Մինչդեռ, ինչպես սեպտեմբերի 2-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը, Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորները, ովքեր կպաշտպանեն ցանկացած օրինագիծ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ, կզրկվեն Համայնքների պալատում տվյալ քաղաքական ուժը ներկայացնելու իրավունքից եւ չեն կարողանա նրա անունից մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

Պահպանողականների կարգապահական կոմիտեն հույս ունի այդ կերպ ազդել այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության հետ համերաշխ են առանց գործարքի Brexit-ի սցենարի իրականացում թույլ չտալու հարցում: Այդ նախազգուշացմանը չենթարկված խորհրդարանականներն, ինչպես սպասվում է, կշարունակեն իրենց աշխատանքը Համայնքների պալատում, բայց արդեն անկախ պատգամավորների կարգավիճակով:
BBC բրիտանական կորպորացիայի մեկնաբան Լորա Կյունսբերգը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: «Ինչպես ես եմ հասկանում, կա այն բանի իրական հնարավորությունը, որ Ջոնսոնը կարող է խորհրդարան առաջարկություն մտցնել, պատգամավորներից խնդրելով արդեն այս շաբաթ համընդհանուր ընտրություններ հայտարարել, բայց վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել»,-գրել է Կյունսբերգը: Միացյալ Թագավորության կառավարությունում եւ խորհրդարանում պտտվող մեծ թվով այն լուրերի մասին, թե Ջոնսոնը կարող է ընտրություններ հայտարարել, հայտնում են նաեւ The Guardian թերթի ե Sky News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս