Բաժիններ՝

Վրաստանի վարչապետի պաշտոնը թողած Բախտաձեն հեռանում է ակտիվ քաղաքականությունից

Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ:

«Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ապա ես տրամադրված եմ այն բանին, որ չզբաղվեմ ակտիվ քաղաքականությամբ»,- ասել է Բախտաձեն վրացական հաղորդավարների հետ իր կազմակերպած հանդիպմանը, որը հեռարձակել են տեղական ԶԼՄ-ները: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում է, որ կատարել է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:

Բախտաձեն Վրաստանի վարչապետ է դարձել 2018 թվականի հունիսին: Մինչեւ վարչապետ աշխատելը նա զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը:
Այսօր ավելի վաղ Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: «Զարգացման շրջանակն ստեղծված է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել է Բախտաձեն Facebook-ի իր էջում: «Ինձ համար մեծ պատիվ էր եւ միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը եւ մեր երկրի նվիրյալ զինվորը»,-նշել է նա:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին:
Վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս