«Հորս տրամադրությունը միշտ լավ է, նրա մոտ եղել եմ նախորդ շաբաթ, տրամադրությունը, տեսքը շատ լավ էր». Լևոն Քոչարյան
Արցախի Հանրապետության անկախության 28-րդ ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նրա որդու՝ Լևոն Քոչարյանի և գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մասնակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախի անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին։
Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն ասաց, որ հպարտ է, քանի որ հայ ժողովուրդը կարողացավ հաղթանակ տանել Արցախի հերոսամարտում և կերտել անկախություն։
«Մեծ հպարտություն եմ զգում, որ այդ ամենին անմիջական մասնակցություն և դերակատարություն է ունեցել հայրս։ Արցախի միջազգային ճանաչման խնդիր է դրված, որպեսզի միջազգային հանրությունը հաշվի նստի նրա հետ, որ կա երկու հայկական պետություն, այն, ինչին հասել ենք մարդկանց կյանքի գնով, այդ ամենի հետ միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի, և առաջին հերթին՝ Ադրբեջանը։ Բնականաբար, հաշվի պետք է նստի նրա հետ, որ ժողովուրդը կերտել է իր անկախությունը»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, նա շեշտեց, որ արդեն մեկ տարի է՝ իրենց ընտանիքում բոլորի պայքարն անարդարության դեմ է, և առաջին սպասելիքն այն է, որ Ռ. Քոչարյանի դեմ կատարվող ապօրինությանը վերջ տրվի։
«Հորս տրամադրությունը միշտ լավ է, նրա մոտ եղել եմ նախորդ շաբաթ, տրամադրությունը, տեսքը շատ լավ էր»,- ընդգծեց նա։
Զվարթ Խաչատրյան