
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է վնասել Բահամյան կղզիներում

«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC):
Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր, որ հինգերորդ, ամենաբարձր կատեգորիայի փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ափին:
«Փոթորիկն զգալի վնաս է հասցրել, Բահամյան կղզիներում վնասվել կամ ավերվել է 13 հազար տուն»,-ասված է հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Կարմիր խաչի՝ ուսուցում անցած հարյուրավոր կամավորներ են մոբիլիզացվել այն մարդկանց օգնելու համար, որոնք հայտնվել են փոթորիկի ճանապարհին:
Փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը հայտնել է, որ «Դորիան» փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս եւ այս շաբաթ կարող է մոլեգնել Ֆլորիդայում, Ջորջիայում եւ Հյուսիսային Կարոլինայում: Այս նահանգներում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: