«Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացնել 57 մլն 762 հազար դրամ՝ երգչախմբի ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին 2019 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ թատրոնները, թանգարանները պետք է մեծացնեն իրենց եկամուտները, և ինչ-որ պահի պետք է խոսվի նաև նրանց՝ շահութաբեր լինելու մասին. «Մենք արվեստին և մշակույթին պետք է նայենք որպես տնտեսության ճյուղերից մեկը, որովհետև, այո, իմ ընկալմամբ, դա տնտեսության ճյուղ է, որը պետությունը ֆինանսավորում է և պետք է հասկանանք, թե այդ ֆինանսավորման արդյունքում ինչ ենք ստանում»:
Ըստ նրա՝ այս տրամաբանությունը դրված չի շատ տաղանդավոր կոլեկտիվների հիմքում. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր պետական մշակութային օջախներն անընդհատ բարեգործությունների հույսին մնան, բայց մյուս կողմից հստակ խնդիր պետք է դնենք, որ սա տնտեսության ճյուղ է և պետք է որոշակի տնտեսական կանոններով աշխատի, ապրի, մասնավորապես՝ սեփական եկամուտներն ավելացնի, պահանաջարկ ու առաջարկ ձևավորի»:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ երբեմն արժեք ստեղծող խմբերը մեծ կախվածություն ունեն հովանավորչական գումարներից և դա հանգեցնում է բնականոն աշխատանքի խափանման: Նա նշեց, որ դրամաշնորհների տրամադրման կոնցեպտը փոխվում է հաջորդ տարվանից և հստակ պետք է նշվի, թե այն ինչ ազդեցություն է ունենալու տվյալ ոլորտի զարգացման համար, կազմակերպությունները պետք է ներկայացնեն զարգացման ծրագրեր:
Վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այս թեման շոշափվում է նախորդ տարվանից: Նա հրապարակեց վիճակագրական տվյալներ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելուների թիվն աճել է 31%, թատրոնների այցելուների թիվը՝ 41%: Ն.Փաշինյանը նշեց, որ կարելի է վարկած վերցնել, որ այդտեղ ստվեր է եղել, բայց եթե նույնիսկ այդպես, թվերը ցույց են տալիս, որ ՀՀ կառավարության ու հանրության մեջ կա երկխոսություն, և իր բոլոր քննարկումներում ինքը պնդում է, որ արձանագրված ցուցանիշները երկխոսության արդյունք են:
Նրա կարծիքով՝ ճիշտ ներկայացնելու դեպքում թանգարանների մոտ կիլոմետրերով հերթեր կգոյանան, իսկ եթե կան թանգարան, որի ղեկավարությունը չի կարողանում խնդիրը լուծել, այդ ղեկավարությունը պետք է փոխվի. «Այո, կլինեն ակցիաներ, կլինեն ցույցեր, ամեն ինչ էլ կլինի, բայց սա ստրատեգիական խնդիր է: Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել: Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու»: