«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ». Վրաստանի ազգային բանկի ղեկավար

Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։

Վրաստանի ազգային բանկը ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը օգոստոսի 28-ին սահմանել է 2,9415 լարիի չափով: Գվենեթաձեի հրաժարականը պահանջում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք Ազգային բանկի ղեկավարին մեղադրում են անգործության մեջ, որը բերում է ազգային արժույթի հետագա արժեզրկման:

«Սահող փոխարժեքի պայմաններում բացարձակապես հնարավոր չէ կանխատեսումներ անել լարիի փոխարժեքի կապակցությամբ: Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն ստեղծել են այն բանի բացասական սպասումներ, որ արժութային եկամուտներն ավելի վատն են լինելու, քան այլ դեպքերում, ինչն ազդել էր արժույթի փոխարժեքի վրա»,- հայտարարել է Գվենեթաձեն լրագրողներին:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 4-ին կկայանա դրամական քաղաքականության կոմիտեի նիստը, որտեղ որոշում կընդունվի՝ ձեռնարկե՞լ ազգային արժույթի կայունացմանն ուղղված գործողություններ, թե ոչ: «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-հավելել է նա:
Լարին անշեղորեն արժեզրկվում էր Թբիլիսիում բողոքի ակցիաների սկսվելուց եւ

Ռուսաստանի կողմից տուրիստական արգելանքի սահմանումից հետո: Եթե հունիսի 21-22-ին Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմում էր 2,78 լարի, ապա օգոստոսի 1-ին այն հասել է հակառեկորդի՝ 2,97 լարիի: Այսինքն՝ լարին դոլարի նկատմամբ միագումար արժեզրկվել է 6,4 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս