Մերձավոր Արևելքն անվտանգ կլինի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը. Զարիֆ
Իրանը պնդում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրադրությունը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ: Այդ մասին NHK հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Չափազանց զժվար է անվտանգ պահել տարածաշրջանը, քանի դեռ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ: Տարածաշրջանն ինքը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի ահաբեկչությամբ ու տնտեսական պատերազմներով զբաղվելը»,- ասել է նա:
Զարիֆն այցով գտնվում է Ճապոնիայում: Օգոստոսի 28-ին նա հանդիպում է անցկացրել այդ երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը: Նախօրյակին Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ էր վարել Ճապոնիայի իր պաշտոնակից Տարո Կոնոյի հետ:
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեմ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայմանը:
«Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է՝ մենք գտնում ենք, որ ԳՀՀԾ-ի շուրջ կրկնական բանակցություններ չեն կարող անցկացվել»,-ասել է Զարիֆը: Նա նաեւ ասել է, որ իր երկիրը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:
«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն է ձգտում վերացնել միջուկային գործարքը»:
«Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել է նա: Նախարարը նշել է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն է համաձայնագիր»:
«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական է բոլորի համար»,-հավելել է նա: Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր է, իսկ դրա ոչնչացումը կարող է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն է: ՄԵնք այսուհետեւ էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: