Բաժիններ՝

«Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ». Հրաչ Բերբերյան

«Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ունեինք՝ դա էլ փակեցին, մինչև ե՞րբ կարելի է էսպես շարունակել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա անդրադարձավ ոլորտի խնդիրներին՝ մասնավորապես արձանագրելով, որ կրկնակի թանկացել է անասնակերը, լինելու է կաթի արտադրության անկում, պանրի գների ավելացում և այլն.

«Ոչ մի բանով չեն զբաղվում կառավարությունում, մենակ խալի լվալու համար գումար են հատկացնում: Ասեցինք, չէ՞, գարնանը վատ բերք է սպասվում, ոչ մեկը ձայն չէր հանում. Տեսե՛ք, խաղողը 30 տոկոսով պակաս է, դեղձը համեմատաբար հաջող է, ծիրանը 30-40  տոկոսով պակաս է, բանջարեղենը՝ էլի նույնը, ինչ անցյալ տարի:  Տարեցտարի կարտոֆիլի ցանքատարածությունները պակասում են, կարտոֆիլի, ցորենի սերմացու չկա, իսկ կառավարությունը մտածո՞ւմ է, որ վաղը դրսից ցորեն է ներկրելու. Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»:

Հ. Բերբերյանը Կառավարության ուշադրություն հրավիրեց նաև ոռոգման  համակարգի խնդիրների վրա. «Այսօր գյուղացին իրեն կոտորում է՝  ջուր տվեք, բերքս չորանում է… մինչև ե՞րբ կարելի է այսպես շարունակել՝ այն դեպքում, երբ այս տարի ջրամբարները լիքն են եղել: Էլի չկարողացանք ջրամբարների հարցը լուծել, որովհետև հէկ-երի հարցը չի ուզում լուծել կառավարությունը»:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահը խոսեց նաև անասնաբուժության խնդիրների մասին.

«Մենք այդպես էլ անասնաբուժության հարցը չենք կարողանում լուծել։ 1-2 ամիս առաջ այդ հիվանդությունը կար՝ խշխշան պալար, հիվանդությունը եղել է պատվաստումների ցուցակում, հետո ինչ-որ մի խելոք հանել է այդ ցուցակից, իբր փող են տնտեսել։ Հիմա մնացել է 4 հատը։ Դրա համար հիմա Հայաստանից 1 կտոր միս որ փորձում ես տանել Միացյալ Նահանգներ, չեն թողնում անցկացնել։

Հիմա պետք է աշխատեինք հաջորդ տարվա համար, բայց ոչինչ չի արվում, ու համոզված եմ, որ չի էլ արվելու։

Կարծում եմ, որ ժամանակը կգա, և բոլորն իրենց արած-չարածների համար պատասխան կտան»,- ասաց Բերբերյանը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս