Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք»-ի էջից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով:
Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրել է նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշել է, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթել է առաքելության բարի արդյունավորում: