«Դատական հայցն իմ դեմ անձամբ ներկայացրել է պարոն Նիկոլ Փաշինյանը». Սոնա Աղեկյան
«Ծանոթանալով «Դատալեքս» կայքում տեղադրված հայցին՝ հասկացա, որ սա ոչ թե մեզ պարտադրված քաղաքապետն է իմ դեմ դատական հայց ներկայացրել, այլ պարոն վարչապետն է իմ դեմ դատական հայց ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով օգոստոսի 15–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իր դեմ ներկայացված հայցին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օգոստոսի 15-ին դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով, որ Աղեկյանն իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցի, ինչպես նաև հերքի ասածները։ Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:
Տեղեկացնենք նաև, որ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանին բազմիցս քննադատել է: Աղբահանության հարցի բարձրաձայնման շրջանակում՝ Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանի լուսանկարն էր փակցրել աղբամանի վրա, քաղաքապետարանի դիմաց իրականացրել աղբ թափելու ակցիա:
Ըստ Ս. Աղեկյանի՝ հայցի պատճառն ակցիայի շրջանակում աղբամանների վրա վարչապետի և քաղաքապետի լուսանկարների տեղադրումն է.
«Դատական հայցն իմ դեմ անձամբ ներկայացրել է պարոն Նիկոլ Փաշինյանը, ում արժանապատվությունը ոտնահարվել է այն հանգամանքից, որ մենք աղբամանների վրա սկսել ենք փակցնել «Իմ աղբը» վերտառությամբ պաստառները»:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամը նշեց, սակայն, որ այդ ակցիաները լինելու են շարունակական և լինելու են նոր ակցիաներ նույնպես:
«11 ամիսների ընթացքում ականատես եղանք, որ այն ամենը, ինչ խոստանում էին նախընտրական քարոզարշավին ներկայացվող ծրագրի միջոցով, սուտ էր»,- ասաց Ս. Աղեկյանը՝ հավելելով, որ Երևանն աղբախեղդ է, իսկ պատկան մարմինները հանցավոր անգործություն են դրսևորում:
Զարուհի Դիլանյան