Բաժիններ՝

Բրիտանական ընդդիմության առաջնորդը խոստացել է թույլ չտալ առանց գործարքի Brexit

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել է իր ուժերի ներածին չափ ամեն ինչ անել՝ կանխելու ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այս մասին նա գրել է The Independent թերթում հրապարակված սյունակում:

«Մեր երկիրը մոտենում է աշնանային ճգնաժամին, երբ թորիները (վարչապետ) Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ երկիրը կբերեն առանց գործարքի (ԵՄ-ից) դուրս գալուն:

Գործարքի բացակայությունը կոչնչացնի աշխատատեղեր, կհանգեցնի խանութներում պարենամթերքի գների բարձրացման եւ հնարավոր կդարձնի ամերիկյան մասնավոր կորպորացիաների կողմից Առողջապահության ազգային ծառայության գրավումը»,-նախազգուշացրել է Քորբինը:

Նրա կարծիքով, Պահպանողական կուսակցությունը նպատակ ունի հոկտեմբերի 31-ին կոշտ սցենարով ԵՄ-ի հետ «ապահարզանից» հետո օգտվել հնարավոր տնտեսական ճգնաժամից եւ «իրականացնել իր քաղաքական ծրագիրը, որը համապատասխանում է միայն իր շահերին եւ վնաս հասցնում բոլոր մնացածներին»:

«Նրանք նպատակ ունեն՝ նվազեցնել աշխատավորների ազդեցությունը եւ սպառողների պաշտպանության մակարդակը, իջեցնել հարկերը բանկիրների, ամենահարուստների եւ խոշոր կորպորացիաների համար, ինչպես նաեւ նվազեցնել նորմատիվային-իրավական այն ակտերի թվաքանակը, որոնք ստեղծվել են, որպեսզի նրանց թույլ չտան չարաշահելու իրենց իշխանությունը»,- պարզաբանել է Մեծ Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդը:

«Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի խոչընդոտենք առանց գործարքի դուրս գալու աղետալի տարբերակի իրագործումը, ինչի համար այս կառավարությունը մանդատ չունի»,- խոստացել է Քորբինը:

Միաժամանակ  նա ընդգծել է, որ աղետալի սցենար թույլ չտալու առավել ճիշտ տարբերակը համարում Է այն, որ բրիտանացիներին հնարավորություն տրվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքների շուրջ արտահայտվելու կրկնական հանրաքվեի միջոցով կամ վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս