Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կքննարկի Brexit-ի համաձայնագիրը
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, եւ երեկոյան պլանավորված է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում է կոնկրետ առաջարկություններ 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:
Բացի դրանից, Անդրեեւայի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնն օգոստոսի 28-ին տեխնիկական բանակցություններ կվարեն Brexit-ի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: