
Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել

«ԱԱԾ-ն պատվերով կամ ցանկություններով այս կամ այն անձին չի ձերբակալում, գործողություններ չի իրականացնում: Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, հավաքվել են ապացույցներ, մեր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել այսօրվա մեր գործողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու փաստին:
Նա նշեց, որ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել. «Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ մինչ խուզարկությունը Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է՝ որպես վկա:
Հարցին՝ թե ինչ գումարների մասին է խոսքը, նա պատասխանեց. «Մեծ գումարների մասին է խոսքը՝ տասնյակ-միլիոնավոր դոլարների մասին»:
Վանեցյանն ասաց, որ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանցից բերման է ենթարկվելու նաև Կարեն Խաչատրյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն է զբաղեցրել:
Հարցին՝ կձերբակալվի՞ Խաչատրյանը, թե՞ ոչ, Վանեցյանը պատասխանեց՝ քննիչները կորոշեն:
«Այսօր մինչև օրվա ավարտը մեր ԱԱԾ մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ և կտեղեկացնի հանրությանը բոլոր մանրամասների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
«Խաչատրյանի որդիների վերաբերյալ այս պահին որևէ գործողություն չենք իրականացրել, այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք որդիների նկատմամբ»,- նշեց նա: