«Լեգիտիմության երկրորդ փուլ էլ կա. Դու պետք է ապացուցես նաև, որ դու ժողովրդական վարչապետ ես». ԱԺ պատգամավորը՝ Ամուլսարի խնդրի մասին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համոզված է, որ Ամուլսարի շահագործման հարցը պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեով։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիմնավորեց իր կարծիքը՝ ասելով. «Բազմաթիվ առիթներով մեր երկրի վարչապետն ասել է, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ժողովուրդը հրապարակից պետք է կառավարի երկիրը, ժողովրդի դռներն են կառավարության դռները, և ժողովուրդն իրավունք ունի բացել այն, Ազգային ժողովի դարպասները ժողովրդի դարպասներն են՝ երբ ուզի, կարող է բացել, մտնել, հիմա Ամուլսարն էլ է ժողովրդինը: Իսկ այն, որ ժողովրդի մի ստվար զանգված իսկապես դեմ է, և դա հիմնավոր է, կարծում եմ՝ այստեղ 2-րդ կարծիքը չի դիմանա քննության։ Եթե իսկապես խոսում ենք ժողովրդավարության մասին, հարգելով վարչապետի այդ սկզբունքը, որ իսկապես ժողովուրդը պետք է որոշի, իսկական,  ամենադասական տարբերակը ժողովրդավարական հանրաքվե անցկացնելն է»:

Նա համոզված է, որ վարչապետն այդ հանրաքվեով իրեն կազատի բազմաթիվ մեղադրանքներից, որոնք երբեմն նաև ավելորդ են։

Գևորգ Պետրոսյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե իրենց ընտրել է ժողովուրդը, հետևաբար՝ իրենք մանդատ ունեն խնդիրները լուծելու: Ըստ նրա՝ իսկական ժողովրդավարությունը սկսվում է ընտրություններից հետո.

«Եթե մի մարդու ժողովուրդը բերում-դնում է իշխանության, հետո էդ մարդն ինչ ուզում՝ անում է՝ պատճառաբանելով, թե՝ ժողովուրդն է ինձ բերել, և իմ բոլոր քայլերը արդեն լեգիտի՞մ են…։

Լեգիտիմության երկրորդ փուլ էլ կա. Դու պետք է նաև ապացուցես, որ դու ժողովրդական վարչապետ ես՝ ոչ միայն ընտրվելով, այլև ժողովրդին ծառայելով»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս