Բաժիններ՝

Ռոուհանիի և Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային գործարքին. Զարիֆ

Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջեւ հանդիպումը հնարավոր չէ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նա հավելել է, որ «մինչեւ դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում է միայն իրենց գործը»:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքն էր, ուստի այժմ անհրաժեշտ է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,- ընդգծել է Զարիֆը:

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության էսկալացումը եւ նպատակներ իրագործել»:

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռոուհանիի հետ պատրաստ է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս