Կառավարությունը հրապարակել է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը»
ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ դրա մշակումը պայմանավորված է 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով օրակարգ բերված՝ իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությամբ։
2005 թ-ի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվել են դատական և իրավական բարեփոխումների 2 ռազմավարություններ. առաջինն ընդգրկել է 2009-2011 թվականները, երկրորդը՝ 2012-2016 թվականները (այս ծրագրի ժամկետը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչ 2017 թվականի ավարտը)։
«Այս երկու ծրագրերում ընդգծվել է արդյունավետ դատական իշխանության կայացումը, անկախ և հանրության վստահությունը վայելող դատական համակարգի ձևավորումը։ Նախորդ ռազմավարության շրջանակներում իրականացվել են որոշ դրական փոփոխություններ, որոնցից կարելի է մատնանշել դատավարության ոլորտին առնչվող որոշ հիմնարար օրենսգրքերի ընդունման հանգամանքը, մասնավորապես՝ Վարչական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 05.12.2013 թվականին), «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (ընդունվել է 07.02.2018 թվականին), Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումը (ընդունվել է 09.02.2018 թվականին): Իրականացված ծրագրերը, սակայն, չհանգեցրեցին ո՛չ համակարգային բարեփոխումների, ո՛չ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ո՛չ դատարաններում և իրավապահ մարմիններում կոռուպցիոն երևույթների վերացման։ Որոշ բարեփոխումներ իրականացվեցին կիսատ՝ այդպես էլ ամբողջ ծավալով չիրագործելով իրենց առջև դրված սահմանադրական խնդիրները: Մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում առկա են կարգավորումներ, որոնք գործնականում էական խնդիրներ են առաջացնում՝ հատկապես դատավորների կարգապահական պատասխանատվության, դատավորների նշանակման ընթացակարգերի թափանցիկության, դատական իշխանության հանրային հաշվետվողականության ապահովման իմաստով և այլն»,- նշված է նախագծում:
Դատական համակարգի՝ վերոնշյալ և բազմաթիվ այլ խնդիրներին արձագանքելու նպատակով, ըստ հեղինակների, անհրաժեշտ է խնդիրները համապարփակ կերպով վեր հանել և դրանց հիման վրա մշակել դատական և իրավական բարեփոխումների ծրագիր, որը կներառի կարճաժամկետ ու հրատապ, ինչպես նաև երկարաժամկետ խնդիրներ և դրանցից բխող միջոցառումներ, ինչին և ուղղված է ռազմավարությունը։
Ռազմավարության հիման վրա կազմվել են 3 գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը):
Գործողությունների ծրագրերով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղղություններից բխող որոշակի գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, ելակետային իրավիճակի, կատարման վերջնաժամկետի, ստուգման միջոցի, ակնկալվող արդյունքների և յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նախատեսմամբ:
Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝
Էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծում, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում:
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:
Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝
- հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
- դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,
- հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,
- ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,
- ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:
1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:
Սահմանադրական բարեփոխումների անցկացում
Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:
2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:
Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:
Ընտրական օրենսդրության բարեփոխում
Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո[3] անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:
Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում
Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում, բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, Կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգի բարելավում, դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի ամբողջական հայտարարագրում:
Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:
Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, դատավորների կարողությունների շարունակական զարգացում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում, փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորում:
Իրավապահ համակարգի բարեփոխում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատախազության համակարգի բարեփոխում, այդ թվում՝ դատախազների ընտրության մրցույթի թափանցիկության ապահովում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, դատախազների կարողությունների զարգացում, քննչական մարմինների համակարգի բարեփոխում, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, քննիչների կարողությունների զարգացում:
Քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ քրեական ենթամշակույթի վերացում, այլընտրանքային պատիժների համակարգի ներդնում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնում, այլընտրանքային խափանման միջոցների ներդնում, պարզեցված նախաքննության ներդնում, համաձայնեցման և համագործակցության վարույթներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հետ կապված փոփոխություն, անչափահասների մասնակցությամբ վարույթների կատարելագործում, քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում:
Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ քաղաքացիական օրենսդրության բարեփոխում (այդ թվում՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտների, պայմանագրի ձևերի, վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերությունների վերանայում), քաղաքացիական դատավարությունում հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում, քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանում, քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում
Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման անհրաժեշտ գործիքակազմի ներդնում, դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կառուցակարգերի ներդնում:
Վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարույթի ենթակայության հստակեցում, վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում, վարչական դատավարությունում բողոքարկման սահմանափակումների ամրագրում, վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացումը, վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում և այլն:
Սնանկության ոլորտի բարեփոխումներ
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում, սնանկության կառավարիչների նշանակման և փոխարինման կարգի վերանայում, սնանկության կառավարչիների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, կարողությունների զարգացում, սնանկության կառավարիչների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի վերանայում, պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացի հստակեցում:
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ արբիտրաժային օրենսդրության կատարելագործում, արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորությունների ապահովում, վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում, այդ թվում՝ (առցանց հաշտարարություն համապատասխան իրավական կրթություն և հանրային իրազեկվածության բարձրացում:
Նոտարական համակարգի արդյունավետության բարձրացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման անհրաժեշտ ընթացակարգերի ներդնումը, նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի վերանայումը, նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում:
Փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում, փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում, փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում:
Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ կատարողական վարույթների կասեցման հիմքերի և կարգի վերանայում, կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքակազմի կիրառման եղանակների ընդլայնում, կատարողական վարույթի ժամկետների կրճատում: