Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. Մնացականյան
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
«Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը։