Ճոպանուղու նախկին տնօրենը կալանավորվեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանի նկատմամբ, ով կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Կարապետյանը դատարանից տեղափոխվել է բանտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևար գործերով քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: