Քաղավիացիայի կոմիտեն՝ Վահրամ Սայադյանի հրաժարականի և «Պոբեդա» ընկերության հետ հարաբերությունների մասին  

Օրեր առաջ տեղեկացանք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:  Ըստ «Հրապարակ» թերթի՝ հրաժարականի պատճառը Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել:

Թերթի հետ զրույցում Վ. Սայադյանը նշել էր, որ դուրս է եկել անձնական պատճառներով. այլ մեկնաբանություն չէր տվել:

168.amը պատճառների մասին հետաքրքրվեց Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանից: Պատասխանը ստացանք գրավոր, որում ասված է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անունից հայտնում ենք, որ Վահրամ Սայադյանը ազատվել է սեփական դիմումի հիման վրա: Որևէ այլ անձնական կամ գործնական տարաձայնություններ նրա հետ չեն եղել: Ցանկության դեպքում՝ այլ մեկնաբանությունների կապակցությամբ խնդրում ենք դիմել նրան»:

Մեկնաբանություն էինք խնդրել նաև «Պոբեդա» ընկերության շուրջ ծավալված խոսակցությունների վերաբերյալ, ըստ որի՝  https://168.am/2019/08/22/1163540.html Տաթևիկ Ռեւազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները մնում են լարված.

«Օրերս Ռևազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան և ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում»:

Կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ «Պոբեդա» ավիաընկերության վերաբերյալ տեղեկատվությունը հերքվել է, և այն տեղադրված է իրենց ֆեյսբուքյան էջում. «Միաժամանակ հայտնում ենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը օգոստոսի 16-ին հայտարարել է տոմսերի վաճառքի գործընթացը վերսկսելու մասին»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս