
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նաթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխգործակցությունը Սիրիայի, Ուկրաինայի շուրջ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը եւ երկկողմ համագործակցության ամրապնդումը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը տարածաշրջանային օրակարգի շուրջ: Փոխադարձ շահագրգռություն է հայտնվել սիրիական ուղղությամբ ռուս-իսրայելական փոխգործակցության ապահովման հարցում, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաեւ զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը ռուսական պետության ղեկավարին տեղեկացրել է վերջերս Ուկրաինա կատարած իր այցի արդյունքների մասին, զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: