
Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք հետխորհրդային բոլոր հանրահպետությունների հետ, դրանք չենք բաժանում վատերի ու լավերի… Մենք հաստատակամորեն, համբերատարությամբ զարգացնելու ենք մեր հարաբերությունները ի շահ բելառուս եւ վրաց ժողովուրդների»,- ԲելՏԱ-ն մեջբերել է Լուկաշենկոյի խոսքը:
Իր հերթին Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության եւ անկախության հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,- հավաստիացրել է Վրաստանի վարչապետը:
Նշվում է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 37 մլն դոլար՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազելով 5 տոկոսով: