
Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության հարցում. Զելենսկի

Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:
«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,- ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:
«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի է: Դա մեր հողն է, եւ մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,- ասել է նա:
Զելենսկին հայտարարել է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիեւն ինքն էլ պետք է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաեւ նշել է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: