Բիարիցն ավարտում է G7-ի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Յոթի խմբի մասնակից պետությունների ավելի քան 4 հազար դիվանագետների, խորհրդականների ու ղեկավարության ներկայացուցիչների են սպասում G7-ի գագաթնաժողովին, որն օգոստոսի 24-ից 26-ն անցկացվելու է ֆրանսիական Բիարից քաղաքում: Նրանցից ոմանք արդեն սկսել են ժամանել:
Կազմակերպիչների գլխավոր հոգսն անվտանգության եւ կարգուկանոնի ապահովումն է Բիարիցում ու նրա արվարձաններում: Քաղաքի փողոցներում եւ գագաթնաժողովի անցկացման օբյեկտներում կարգի պահպանությունը կապահովեն 13,2 հազար ոստիկաններ ու ժանդարմներ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ նրանք գործելու են զինվորականների աջակցությամբ, «որոնք կապահովեն հակաահաբեկչական միջոցառումերի անցկացումը եւ ծովային ու օդային սահմանների պաշտպանությունը»:
Հսկողություն իրականացնելու համար լայնորեն օգտագործվելու են անօդաչու թռչող սարքերը: Օդից ափի երկայնքն սպառնալիքից պաշտպանելու են ֆրանսիական բանակի հակաօդային պաշտպանության հաշվարկները՝ ռադարների մինչեւ 20 կիլոմետր գործողության շառավղով եւ Crotale հրթիռներով: Ծովում հերթապահելու է La Motte-Picquet հակասուզանային ֆրեգատը: Ցամաքային պարագիծը, այդ թվում՝ լեռներում, հսկում են ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:
Բիարիցի օդանավակայանն օգոստոսի լույս 23-ի գիշերը դադարեցրել Է առեւտրային չվերթերի ընդունումը արտասահմանյան պատվիրակությունների փոխադրող ինքնաթիռներով զբաղվելու համար: Օգոստոսի 23-ի երեկոյան ժամանակավորապես աշխատանքը կդադարեցնի նաեւ քաղաքային կայարանը, որտեղ օրվա ընթացքում բազմաթիվ ճեպընթացներ կժամանեն Փարիզից, որոնց թվաքանակը հատուկ ավելացվել է գագաթնաժողովի սկսվելուց առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: