
«Եթե լուծում չես գտնում, գլուխդ մի կորցրու, հրաժարական տուր, հավերժ չես մնալու իշխանության». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, եթե Ամուլսարի հնարավոր շահագործման մեջ կան անգամ նվազագույն վտանգներ և դրա մասին բարձրաձայնողներ, ապա պիտի վճռական քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ եթե չկա լուծում, ապա կառավարությունը պիտի հրաժարական տա.
«Ասում են՝ մենք չենք կարող նախապատվություն տալ այս կամ այն մոտեցմանը, և քանի որ այս իրավիճակում չենք կողմնորոշվում, քաղաքական իմպոտենտ ենք, մենք հրաժարական ենք տալիս»:
ԱԻՄ առաջնորդը հիշեցնում է նմանատիպ միջազգային այլ հարցեր. «Աշխարհում նման դեպքեր եղել են, և պետությունները քայլեր են ձեռնարկել. Օրինակ՝ Իսլանդիան միլիարդների պարտքեր ուներ՝ շատ հանգիստ դրանք դրեց մի կողմ և հակադրվեց Համաշխարհային բանկին»:
Նա զուգահեռներ տարավ անկախ Հայաստանի պատմության մեջ մեկ այլ դրվագի՝ Սևան-Հրազդան կասկադը՝ մի քանի տասնյակ միլիոններով պարտքի դիմաց տալու հետ, ապա նկատեց. «Եթե լուծում չես գտնում, գլուխդ մի կորցրու, հրաժարական տուր, հավերժ չես մնալու իշխանության»:
Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելը, ըստ Պ. Հայրիկյանի, պատասխանատվությունը քաղաքացու վրա գցելու փորձ է:
Զարուհի Դիլանյան