Բաժիններ՝

ԱՄՆ-ում գիտնականները ջրից կարագի նմանակ են ստեղծել

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Քոռնելի համալսարանի գիտնականներն ստեղծել են կարագի ցածրկալորիական նմանակ, որը գլխավորապես բաղկացած է ջրից: Այս մասին ասված է հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Քիմիկոսներին հաջողվել է մեծ քանակությամբ ջուրը ձեթի եւ կաթնաճարպի հավելմամբ կերպափոխել էմուլսիայի, որը թանձրությամբ մոտ է կարագին: Այդ մթերքն արհեստական կայունարարներ չի պարունակում եւ 75 տոկոսով պակաս կալորիական է, քան կարագը:

Նմանակի մեկ ճաշի գդալը պարունակում է 2,8 գրամ ճարպ եւ 25,2 կիլոկալորիա, մինչդեռ կարագի նույն քանակությունը պարունակում է 11 գրամ ճարպ եւ շուրջ 100 կիլոկալորիա: Քիմիկոսները կարող են փոխել մթերքի համն ու այլ բնութագրեր:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Միշել Լին, տեխնոլոգիան, որը գիտնականներն օգտագործել են նմանակի ստացման համար, կարող է կարեւոր դեր խաղալ առողջության համար օգտակար նոր տեսակի մթերքների ստացման համար, որոնց պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս