Բաժիններ՝

Վերջին օրերի 7 գլխավոր նորությունները՝ տեխնոլոգիական աշխարհից

Նոր Varenyky վիրուսից մինչև նոր iPhone 11-ի ներկայացման ամսաթիվը:

Անցյալ շաբաթ և այս շաբաթվա սկիզբը լի էին տարբեր հայտարարություններով և արտահոսքերով: Ներկայացվեց նոր Xiaomi էլեկտրական հեծանիվը, բացահայտվեց առաջիկա iPhone մոդելների ներկայացման ամսաթիվը, տարվա լավագույն սմարթֆոնները, և ոչ միայն. այս օրերին նորությունների պակաս չկար:

Պատյանների  արտադրողը բացահայտում է երեք նոր iPhone-ների անունները

Պատյաններ արտադրող ESR ընկերությունը հրապարակել է ապագա iPhone-ների կազմի համար նախատեսված պատյանների լուսանկարները, որոնցում երևում են սարքերի նոր անունները: Այսպիսով, iPhone XS-ի և XS Max-ի հաջորդ տարբերակները կկոչվեն, համապատասխանաբար՝ iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max: Եվ վերջին ժամանակների ամենատարածված Apple սմարթֆոններից մեկը` iPhone XR-ը, կդառնա պարզապես iPhone 11:

Կարդացեք նաև

Բացահայտվել է iPhone 11-ի շնորհանդեսի ամսաթիվը

iOS 13-ի վերջին բետա տարբերակում մասնագետները գտել են ավելի քան թափանցիկ ակնարկ՝ Apple-ի նոր սմարթֆոնների ներկայացման ամսաթվի մասին: Մշակողները բետա տարբերակում գտել են iPhone-ի հիմնական էկրանի սքրինշոթ՝ օրացույցի պատկերակով, որի վրա նշվում է ներկայացման օրը: Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Վերջերս էլ ճապոնական SoftBank օպերատորի նախագահ Քեն Միյաուչին  պատահաբար հայտարարեց նոր սմարթֆոնների թողարկման ամսաթիվը: Ըստ նրա տեղեկությունների՝ iPhone 11-ի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ին:

Xiaomi ընկերությունը ներկայացրեց HIMO C16 էլեկտրական հեծանիվը

Միջոցառման ընթացքում Xiaomi ընկերությունը ներկայացրեց նոր HIMO C16 էլեկտրական հեծանիվ, որը կարելի է անվանել ընտանեկան: Այն ունի երկու տեղ, որոնցից մեկը նախատեսված է ուղևորի համար: Այս մոդելի հիմնական առանձնահատկությունը զգալի հեռավորություն անցնելն է, բայց կան նաև այլ հետաքրքիր հատկություններ: Այն ունի մինչև 25 կմժ արագություն և ունակ է մինչև 100 կգ քաշ կրել:

Հեծանիվի անիվները 16 դյույմ են, արգելակները տեղադրված են՝ ինչպես առջևում, այնպես էլ՝ հետևում: Արտադրողը պնդում է, որ արգելակային ամբողջ համակարգը չի պահանջում որևէ տեխնիկական սպասարկում:

Varenyky՝ նոր վիրուս, որը ձայնագրում է ձեր էկրանը չափահասների համար ֆիլմեր դիտելիս

ESET հակավիրուսային ընկերությունը հայտարարեց Varenyky նոր չարամիտ ծրագրի հայտնաբերման մասին: Այս վիրուսը կարող է օգտագործվել մուտքերը և գաղտնաբառերը գողանալու, սպամ ուղարկելու և, որ ամենահետաքրքիրն է, չափահասների համար ֆիլմեր դիտելիս օգտագործողների էկրանները ձայնագրելու համար:

Varenyky-ն էլեկտրոնային փոստով ներթափանցում է համակարգիչներ. օգտատերը ստանում է նամակ՝ կեղծ հաշվի տեսքով:

Մեկ կտտոցը բավարար է, որպեսզի վիրուսը ներդնի Tor-ը՝ C&C սերվերի հետ անանուն շփման համար: Դրանից հետո չարամիտ ծրագրերը փնտրում են չափահասների համար նախատեսված բովանդակություն՝ գործարկվող ծրագրերում և բաց պատուհաններում: Իր ցանկացած բովանդակությունը գտնելուց հետո Varenyky-ն ակտիվացնում է էկրանի ձայնագրությունը և այնուհետև տեսանյութը ուղարկում հարձակվողների սերվերին:

EISA-ն նշել է 2019 թվականի լավագույն սմարթֆոնները

Աուդիո և վիդեո տեխնոլոգիաների ամսագրերի եվրոպական ասոցիացիան (EISA) անվանել է 2019 թվականի լավագույն սմարթֆոնները: Հաղթողներին որոշել են 29 երկրների ավելի քան 60 փորձագետներ: Ժյուրին ընտրել է 4 սմարթֆոն՝ տարբեր անվանակարգերում:

Արդյունքում՝ առանձնացվել են հետևյալ անվանակարգեր.՝

Լավագույն սմարթֆոնը- Huawei P30 Pro

Lifestyle սմարթֆոն- Honor 20 Pro

Զարգացած սմարթֆոն- OnePlus 7 Pro

Լավագույն գնում- Redmi Note 7

Huawei Mate X-ը կստանա Kirin 990 և բարելավված տեսախցիկ

Ծալովի սարքում Huawei-ն ունենալու է չհայտարարված ֆլագմենային պրոցեսոր, ինչպես նաև Huawei P30 Pro-ի տեսախցիկ:

Neowin-ը հրապարակել է Huawei-ի առաջին ծալովի սմարթֆոնի՝ Mate X նախնական մեկնաբանությունները: Ըստ երևույթին, սարքի թողարկման օրը փոփոխվել է այն պատճառով, որ արտադրողը ցանկացել է ավելի լավ բնութագրիչներով սմարթֆոն թողարկել:

Լրագրողների կարծիքով՝ վերափոխված Mate X-ը ստացել է դեռևս չհայտարարված Kirin 990 պրոցեսոր. Huawei-ն պետք է ներկայացնի նոր չիպը միայն IFA 2019-ում:

Պաշտոնապես Kirin 990-ի մասին ոչինչ հայտնի չէ: Ակնկալվում է, որ պրոցեսորը կստանա Cortex-A77 միկրոպրոցեսորային նոր միջուկ և Mali-G77 GPU: Չիպսեթում կհայտնվի նաև նեյրոպրոցեսոր:

Ըստ տեղեկությունների՝ Huawei Mate X-ն օգտագործում է տեսախցիկ RYYB սենսորով, որը ցածր լուսավորության պայմաններում պետք է ապահովի պատկերի ավելի լավ որակ:

Ավելի վաղ Huawei-ն ևս մեկ անգամ հետաձգել էր Mate X-ի վաճառքի մեկնարկը: Առաջին փոփոխությունից հետո սմարթֆոնը պետք է հայտնվեր սեպտեմբերին: Այժմ սարքի թողարկումը կարող է տեղի ունենալ միայն նոյեմբերին:

Xiaomi-ն, Oppo-ն և Vivo-ն ստեղծում են AirDrop-ի անալոգը

Չինաստանում սմարթֆոնների խոշորագույն արտադրողները մշակել են իրենց սարքերի համար տվյալների փոխանցման ընդհանուր արձանագրություն:

Չինական Xioami, Oppo և Vivo ընկերությունները ներդրել են ֆայլերի փոխանակման համակարգ, որը կաշխատի MIUI, Color OS և FuntouchOS-ով աշխատող սարքերի վրա:

Տվյալների փոխանցման արձանագրությունն օգտագործում է Bluetooth-ը` երկու սմարթֆոն միացնելու համար: Ֆայլերի համօգտագործման արագությունը պետք է հասնի 20 Մբիթ/վրկ-ի: Հնարավոր է, որ Wi-Fi կապը նույնպես օգտագործվի Bluetooth-ի հետ միասին, ինչպես Apple-ի նմանատիպ AirDrop գործառույթում: Ըստ մշակողների, ծրագրին կարող են միանալ նաև այլ արտադրողներ: Ծառայության բետա տարբերակը կգործարկվի օգոստոսի վերջին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս