Ինչի՞ համար էր այս ամենը, և ո՞վ պիտի պատասխան տա երկրին հասցված վնասների համար

Մի քանի ամիս տևած ուսումնասիրություններից հետո, ի վերջո, հրապարակվեց Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի փորձագիտական եզրակացությունը։ Ինչպես և սպասվում էր, արդյունքները` որոշ վերապահումներով հանդերձ, ծրագրի իրականացման օգտին են։

Եթե վստահելու լինենք փորձաքննող ընկերության եզրակացությանը, ապա հանքի շահագործման հետ կապված լուրջ բնապահպանական ռիսկեր չկան կամ այդպիսիք առնվազն չեն հայտնաբերել։ Ըստ ներկայացված փաստաթղթի, կան 16 կետից բաղկացած միջոցառումներ, որոնց պահպանման դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։ Շահագործող ընկերությունը կարծես պատրաստ է ստանձնել դրանց կատարումը։

Սակայն դրանով ծրագրի իրականացման հետ կապված ինտրիգը չի ավարտվում։ Հանրության այն հատվածը, որը դեմ էր ծրագրին, շարունակում է դեմ լինել։ Այս առումով փորձագիտական եզրակացությունը ոչինչ չփոխեց։

Ամեն դեպքում, գնդակը կառավարության դաշտում է. այն պետք է որոշի` ծրագիրը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։

Կարծես կասկած չկա, որ կառավարությունը հակված է որոշում ընդունել հանքի շահագործման օգտին։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ գործող իշխանությունը կողմ է ծրագրի իրականացմանը։ Ժամանակին այս ամբողջ կաշան եփվեց` զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Հիմա այլևս նման խնդիր չկա, բայց կառավարությունը կանգնած է ծրագիրը վերսկսելու դժվարին կացության առջև։ Բնապահպան-ակտիվիստները, ազդակիր համայնքների բնակիչները ոչ մի կերպ չեն պատրաստվում նահանջել և համակերպվել Ամուլսարի ծրագրի իրականացման հետ։

Երեկվանից նրանք հայտարարում էին այսօր կայանալիք հավաքի մասին, սակայն դատելով նրանց փոքրաթիվ լինելուց՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր կառավարությունն այսքան հետաձգում հարցի կարգավորումը:

Փորձագիտական եզրակացությունն ակցիայի մասնակիցները հիմք չեն համարում դրա համար։ Վերջիներս կարծես չեն էլ ուզում լսել այն մասին, թե ծրագրի իրականացումից ընդհանրապես հրաժարվելն ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Ինչպե՞ս կհանգուցալուծվի խնդիրը, շուտով պարզ կլինի։ Ցանկացած պարագայում կառավարությանը ծանր փորձություն է սպասվում։ Բայց դրա մեղավորը նույն կառավարությունն է, որն իրեն դրել է այդպիսի բարդ կացության առջև` իշխանափոխությունից անմիջապես հետո պայմաններ ստեղծելով ծրագրի երկարատև արգելափակման և հարկադիր դադարի համար։ Ու հիմա ստիպված է իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։ Չնայած դա այնքան էլ հեշտ չի լինելու։

Մի կողմից` հասարակության մի հատվածը հակված չէ համակերպվել հանքի շահագործման հետ, անկախ նրանից` կա՞ն բնապահպանական վտանգներ, թե՞ ոչ, մյուս կողմից` խաղ ու պար չէ գրչի մի հարվածով հրաժարվել մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ծրագրից։ Հատկապես որ, ներդրումների մեծ մասն արդեն կատարվել են։ Դա նշանակում է` ներքաշվել դատական լուրջ գործընթացների մեջ, որի հետևանքները կարող են շատ ծանր լինել երկրի համար։ Առավել ևս այս փորձաքննությունից հետո, երբ կառավարությունն այլևս կարծես հիմքեր չունի մինչև այժմ եղած պատճառաբանություններով արգելափակելու ծրագիրը։

Հակառակ պարագայում` պարտավոր է փոխհատուցել ներդրողի վնասները։ Իսկ խոսքը բավական լուրջ գումարների` ընդհուպ մինչև 1-1,5 մլրդ դոլարի մասին է։

Ունի՞ պետությունը նման միջոցներ` վճարելու ծրագրի իրականացումն ընդհանրապես արգելափակելու դիմաց։ Այս հարցի պատասխանը պետք է տա՝ ինչպես կառավարությունը, այնպես էլ՝ հասարակությունը։

Միանշանակ է, որ Հայաստանի պետական բյուջեն այսօր չունի այդպիսի հնարավորություն։ Չկան նաև այլ աղբյուրներ, որոնց հաշվին կարող են փոխհատուցվել ներդրողին պատճառված ֆինանսական կորուստները։

Այնպես որ, որոշում ընդունելուց առաջ պետք է երկար ծանր ու թեթև անել։ Չափազանց մեծ պատասխանատվություն է երկիրը նման ռիսկերի մեջ ներքաշելը։ Միակողմանի ցանկացած քայլ այս հարցում հղի է լուրջ վտանգներով ու մեծ վնասներով, և դա պետք է գիտակցեն շահագրգիռ բոլոր կողմերը։

Մի բան փաստ է, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը չի կարող անվերջ ձգվել։ Առանց այդ էլ դրա հետևանքները բավական ծանր են նստել երկրի վրա։

Խոսքն ամենևին էլ այն գումարի մասին չէ, որը ծախսվեց` հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ ևս մեկ անգամ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու համար։ Թեև շուրջ 400 հազար դոլարը, որը հատկացվեց պետական բյուջեի սուղ միջոցներից, փոքր գումար չէր։ Այն ծախսելու շատ այլ, ոչ պակաս կարևոր տեղեր հաստատ կգտնվեին։

Բայց կառավարությունը նախընտրեց գնալ այդ ճանապարհով, և առաջին հերթին՝ հասարակության աչքին լավամարդ երևալու ակնկալիքով։ Իսկ թե այս ամենից ի՞նչ վնասներ կրեց երկրի տնտեսությունն ու հատկապես ներդրումային միջավայրն ու մթնոլորտը` նույնիսկ կարիք չկա ասելու։

Այն, ինչ այսօր ունենք օտարերկրյա ներդրումների առումով` նաև դրա հետևանք է։ Ինչքան էլ կառավարության անդամներն ու վարչապետը մեծ-մեծ խոստումներ տան, ներդրումային գրավչության ու մրցակցային միջավայրի վերաբերյալ հեքիաթներ հյուսեն ներդրողների համար, միևնույն է՝ ոչ մի խելքը գլխին մարդ չի գնա ներդրում անելու մի երկրում, որտեղ խոշոր ներդրողի նկատմամբ կարող են այդպես վարվել, ներդրումների 75-80 տոկոսն անելուց հետո` արգելափակել և թույլ չտալ շարունակել ծրագրի հետագա իրականացումը։ Ու բնավ զարմանալի չէ, որ արտաքին կապիտալը մոտ չի գալիս Հայաստանի տնտեսությանը։

Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին խոստանում էր տնտեսությունը ողողել ներդրումներով, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո միայն պատճառներ է փնտրում` չեղած ներդրումները հիմնավորելու համար։ Քանի կար՝ Ազգային ժողովն էր մեղավորը, հետո էլ՝ դատարանները։

Թեև պարզից էլ պարզ է, որ խնդիրը բոլորովին էլ այլ տեղ է։ Դա այն քաղաքականության հետևանքն է, որը վերջին մեկ-մեկուկես տարում վարում է Հայաստանի կառավարությունը, այդ թվում` օտարերկրյա ներդրողների նկատմամբ։

Մեկ տարուց ավելի է, ինչ Ամուլսարի ծրագիրը շրջափակված է։ Հիմա, երբ կան փորձագիտական եզրակացության արդյունքները, և որոնք ըստ էության հայտնի էին նաև նախկինում, մնում է գտնել նաև այն հարցերի պատասխանը, թե ինչի՞ համար էր այս ամենը, և ո՞վ պետք է պատասխան տա ամիսներ շարունակված ձգձգվող այս անհեթեթ իրավիճակի ու երկրին հասցված վնասների համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս