«Հեղափոխությունը, որպես այդպիսին, հայտարարվել է, բայց չի կատարվել». ի՞նչ զարգացումների սպասել աշնանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ: Նա նաև նշել էր, որ «իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»: Ի՞նչ զարգացումների սպասել աշնանը, հնարավո՞ր է՝ դժգոհությունների ալիքն այնպիսին լինի, որ հանրահավաքներ սկսվեն արդեն այս իշխանությունների դեմ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի կարծում, որ մոտակա ժամանակներում այս իշխանությունների դեմ ինչ-որ հզոր ցույցեր լինեն.
«Եվ հիմնական պատճառն այն չէ, որ այս իշխանությունները հաջողել են կամ կատարել են իրենց խոստումները: Պատճառն այն է, որ քաղաքական ընդդիմություն Հայաստանում դեռևս չի ձևավորվել, որն ունենա ապագայի տեսլական, ծրագիր, տնտեսական հարցերի լուծումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով՝ չի կարծում, թե շատ բուռն գործընթացներ կլինեն՝ անկախ նրանից, թե ինչ անհաջողություններ կունենա այս կառավարությունը:
«Այսինքն՝ առաջին հերթին այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են լինել ընդդիմություն, պետք է հանրության համար լինեն վստահելի: Հեղափոխությունը, որպես այդպիսին, հայտարարվել է, բայց չի կատարվել՝ ո՛չ արժեքների, ո՛չ տնտեսական, ո՛չ մտքի, ո՛չ պետական կառավարման համակարգում բարեփոխումների առումով, և ո՛չ էլ փայլուն դեմքեր են հայտնվել խորհրդարանում: Երբ նման ընդդիմություն ձևավորվի, որը կարող է ընդունելի լինել հանրության համար, այդ դեպքում, առանց նույնիսկ հանրահավաքների, այս իշխանության վերջը շատ հեշտությամբ կգա, սակայն մինչ այդ նման մեծ զարգացումներ սպասել պետք չէ»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա ընդգծեց՝ գործող իշխանության ուժը ոչ թե իր կարողություններն ու հաջողություններն են, որոնք, քաղաքագետի կարծիքով՝ չկան, այլ՝ դեռևս այլընտրանքի բացակայությունը.
«Իմ կարծիքով՝ համար մեկ խնդիրն աշնանը և հետագա քաղաքական կյանքում պետք է լինի նման վստահելի և հասկանալի քաղաքական ուժի կամ միավորի ձևավորումը»:
Հարցին՝ ո՞վ կարող է լինել Նիկոլ Փաշինյանին այլընտրանք, նա պատասխանեց.
«Մեկ տարի առաջ եղել է իշխանափոխություն, և դա կոնկրետ ինչ-որ ուժ չի իրականացրել: Այսինքն՝ եղել են ինչ-որ մարդիկ, որոնք առջևից գնացել են, և հանրությունը ցանկացել է փոփոխություններ: Դա եղել է շարժում, որը ժամանակից շուտ կուսակցականացվել է և իշխանության խնդիր է դրվել:
Իմ կարծիքով՝ նախորդ տարի, երբ Փաշինյանը դարձել է վարչապետ, նա պետք է ձևավորեր ոչ կուսակցական կառավարություն՝ հայտարարելով, որ դա ժամանակավոր է, և կոնկրետ պետք է նշեր՝ ինչ բարեփոխումներ պետք է արվեն, որից հետո պետք է լինեին խորհրդարանական ընտրություններ:
Դա չեղավ, պարզվեց, որ այդ ամենն արվել է իշխանություն նվաճելու համար:
Հիմա նույն իրավիճակն է. ես չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանում պետք է ինչ-որ կուսակցական շարժում, այլ համաժողովրդական շարժում, կամ ինտելեկտուալների շարժում, կամ մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ են անելու:
Այսինքն՝ ներկայացնեն հանրությանը, հայտարարեն այն բարեփոխումների մասին, որոնք հայտարարեցին, բայց չկատարեցին գործող իշխանությունները և կուսակցականացրին ամեն ինչ, և ինչ-որ ժամանակ այդ քայլերը կատարելուց հետո գա ոչ կուսակցական կառավարություն, բայց դա չի նշանակում, որ կուսակցական մարդիկ չեն կարող լինել այդ կառավարությունում: Դա պետք է ինչ-որ նպատակների շուրջ ձևավորված կառավարություն լինի, որից հետո, երբ այդ խնդիրները կատարվեն, լինեն սովորական ընտրություններ՝ կուսակցությունների միջև, այսինքն՝ երկիրը փորձի մտնել բնականոն քաղաքական փուլ»: