Հոնկոնգը հայտարարել է բնակչությանը 2,5 մլրդ դոլարի տնտեսական օժանդակության միջոցների մասին
Հոնկոնգի կառավարությունը տնտեսության խթանման եւ բնակչության սոցիալական օժանդակության միջոցների 19,1 միլիարդ հոնկոնգյան դոլար (գրեթե 2,5 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի փաթեթ է նախաձեռնել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի այդ Հատուկ վարչական շրջանի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը:
Նա հորդորել է այդ ծրագիրը չկապակցել ներկայիս սուր ներքաղաքական ճգնաժամի եւ բնակչության բողոքների հետ:
Նորամուծությունը, նրա խոսքով՝ կապված է Հոնկոնգի տնտեսական աճի տեմպերի դանդաղման հեռանկարի հետ: Նախարարը հայտնել է, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում կարող է ռեցեսիա դիտվել, իսկ տարվա արդյունքներով տեղական համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 2-3 տոկոսից իջեցվել է մինչեւ 0-1 տոկոսի մակարդակ:
Չանն ընդգծել է, որ իրադրությունը խոստանում Է լինել վատթարագույնը 2009 թվականից ի վեր, երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամի բուռն շրջանն էր: Այդ ֆոնին ընդունվել է որոշում բնակչության օժանդակման ընդգրկուն միջոցների մասին:
Խոսքը վերաբերում է հարկային բեռի նվազեցմանը, դպրոցականների համար 2,5 հազարական հոնկոնգյան դոլարի (319 դոլարի) չափով լրահատկացումների, յուրաքանչյուր ընտանիքի էլեկտրականության համար 2 հազար հոնկոնգյան դոլարի (255 դոլարի) վճարմանը, չունեւորների, թոշակառուների, փոքր եւ միջին գործարարության ներկայացուցիչների, տնտեսության մի շարք ճյուղերի օժանդակությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: