«Այն աղբյուրը, որը փաստացի արտահայտում է գործազրկության իրական վիճակը, վերաբերում է միայն առաջին եռամսյակին. Երկրորդը դեռ չենք ամփոփել». ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով.
«2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,- գրել է վարչապետը։
Փաշինյանի այս գրառմանը հակադարձել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այլ բանի մասին են խոսում՝ գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ ավելացել է 6.7%-ով՝ 237 հազարից դառնալով 253 հազար։
168.am-ի հետ զրույցում Վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանն անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ գործազուրկների թվի վերաբերյալ ԱՎԾ-ի և վարչապետի նշած թվերը տարբերվում են, պատասխանեց, թե վարչապետի հրապարակած թվերին դեռ չի ծանոթացել, սակայն կարող է երկու ենթադրություն անել, իսկ մինչ այդ, կան թվեր, որոնք կարելի է ուղղակի նայել։
«Ըստ էության հիմա գործազրկության երկու ցուցանիշ կա, կարելի է երկուսն էլ նայել։ Այն աղբյուրը, որը փաստացի արտահայտում է իրական վիճակը, այդ աղբյուրից ստացած տեղեկատվությունը վերաբերում է միայն առաջին եռամսյակին։ Երկրորդը դեռ չենք ամփոփել, քանի որ դա երկար գործընթաց է:
Երկրորդ աղբյուրը Զբաղվածության պետական գործակալությունն է, որտեղ այդ տեղեկատվությունը սահմանափակվում է միայն գրանցված գործազուրկներով։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, նայել երկու թվերը»,- ասաց Լ. Քալանթարյանը։
Նրա խոսքով՝ հետազոտություն անում են տարբեր ժամանակահատվածների հետ՝ կախված աղբյուրից, որոնցից մեկը մասնավոր տնային տնտեսությունների հետ է կապված և կոչվում է աշխատուժի հետազոտություն։ Ուստի, ամբողջ աշխարհը եթե գնահատում է գործազրկություն և զբաղվածություն, ապա այդ աղբյուրի վրա է հիմնված։
«Երկրորդ աղբյուրը դա Զբաղվածության գործակալության մոնիտորինգն է, այստեղ խնդիրները տարբեր են, նրանց խնդիրն այլ է, այդ պատճառով էլ եղած թվերն իրարից տարբերվում են, սակայն երկուսն էլ իրավունք ունեն լինելու։ Եթե խոսում ենք աշխատուժի հետազոտության մասին, որն արտացոլում է իրական պատկերը, ապա այնտեղ մենք կարող ենք տեսնել եռամսյակային, ինչպես նաև տարեկան մոնիտորինգը։ Իսկ զբաղվածության գործակալության թվերն ավելի շատ երկրի զբաղվածության քաղաքական մոնիտորինգն է ցույց տալիս»,- եզրափակեց Լուսինե Քալանթարյանը։
Զվարթ Խաչատրյան