«Ռասկլադի» փոփոխություն Արցախո՞ւմ

Արցախում քաղաքական գործընթացները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով, անգամ որոշակի պասիվության դեպքում հանրությունը չի հասցնում հետևել դեպքերի ընթացքին։

Բացի նրանից, որ գործընթացներն են արագ ընթանում, փոփոխվում են նաև դեպքերում ընդգրկված ֆիգուրանտ-խաղացողները։ Կոնկրետ այս դեպքում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, կապված նախագահական ընտրություններին մասնակից թեկնածուների հետ, արդեն որերորդ անգամ լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում։

Նախօրեին, որոշ շրջանակների համար անակնկալ կերպով հայտարարությամբ հանդես եկավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ նշելով. «Արցախի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»։

Պետք է ընդգծել, որ տևական ժամանակ է՝ մամուլում տարբեր, այսպես ասած՝ «սլիվներ» էին շրջանառվում, որ ՀՀ իշխանություններն աջակցում են հենց Մայիլյանին, ու չի բացառվում, որ Արցախի ու ՀՀ իշխանությունների կոնսենսուսներից մեկը հենց այս հարցում է:

Ճիշտ է՝ ՀՀ իշխանությունները լուրջ «սիրախաղ» էին սկսել Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս էլ իր հերթին՝ դա բնավ չէր թաքցնում, ավելին, հնարավոր առիթի դեպքում գովաբանում էր Փաշինյանին ու նրա թիմին, սակայն դա իրականացվում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թևի անմիջական մասնակցությամբ և լոբբինգով, ինչը դեռ չի նշանակում, որ Փաշինյանը հենց նրան է համակրում:

Միաժամանակ Փաշինյանը «կարգավորիչ» դեր ունի Սամվել Բաբայանի գործունեության մասով, որն ըստ էության, իշխանությունների համար «բութ գործիքի» դեր ուներ: Եվ պատահական չէ, որ արդեն 10 օր է՝ քննարկման կենտրոնում են նաև Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան հանդիպումները, որոնք ոչ միայն շրջադարձային եղան այս երկու գործիչների վարկանիշի կտրուկ անկման առումով, այլև հնարավորություն տվեցին Մասիս Մայիլյանին դիրքավորվելու այլընտրանքային՝ առավել չեզոք թեկնածուի դիրքում:

Հասկանալի է, որ այս հանդիպում-ջերմացման հարցում լուրջ ազդեցություն ունեն ՀՀ իշխանությունները, և հենց այստեղ է ուրվագծվում խաղը մի կողմից՝ Արայիկ Հարությունյանի, մյուս կողմից՝ Սամվել Բաբայանի հետ:

Մի կարևոր տարր ևս. ըստ քաղաքական կուլիսային խոսակցությունների, չի բացառվում, որ առաջիկայում իր քաղաքական ակտիվության մասին հայտարարությամբ հանդես գա նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ, դա կլինի նրա ղեկավարած կուսակցության առաջիկա համագումարում:

Նկատելի է, որ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանությունները ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց թեկնածուներին, և Աշոտ Ղուլյանը ևս կարող է այդ թեկնածուներից մեկը լինել: Ինչևէ, Արցախում կայանալիք ընտրություններին 7-8 ամիս ժամանակ է մնացել, և սպասելի է, որ քաղաքական ուժերն առաջիկայում նոր տեմպ կհաղորդեն քաղաքական պայքարին:

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս