Բաժիններ՝

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը չի պատրաստվում փոխել սահմանված մրցութային կարգը

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ համալսարանի մի շարք դասախոսների բողոքներին՝ կապված համալսարանի խորհրդի կողմից ընդունված կանոնակարգի և դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթին, որոնք, ըստ նրանց, մի շարք դրույթներով հակասում են Աշխատանքային օրենսգրքին, Սահմանադրությանը, բուհի կանոնադրությանը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի համաձայն, մրցույթի կարգը պետք է որոշի տվյալ բուհը, այլ ոչ թե նախարարությունը։

«Հետևաբար՝ մրցութային կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից, գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվում էր համապատասխան կարգը, տևել է շուրջ 4 ժամ, որի ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկներ, և ընդունվել է կարգը։ Այդ կարգը ենթադրում է ոչ միայն մրցութային հանձնաժողովի առկայություն, այլև չափելի հստակ մեխանիզմ։ Մենք ունենք 13 չափորոշիչ, որոնցից մեկն անգլերենի իմացությունն է, մյուսը՝ ռուսերենի, կան նաև մասնագիտական աշխատանքի, հմտությունների հետ կապված չափորոշիչներ»,- ասաց Ռ. Հայրապետյանը։

Նա նշեց, թե հարգում է իր բողոքող բոլոր գործընկերներին, բայց երբ հետևում է  մամուլի հրապարակումներին, տեսնում է, որ նշված 13 չափանիշերից միտումնավոր ընտրում են այն չափանիշերը, որոնք հանրության շրջանում կարող են քննարկումների առիթ դառնալ։

Նա նաև հավելեց, որ շատ դեպքում բողոքողները նշում են, որ մրցութային կարգի չափանիշերը սուբյեկտիվ են, ուստի նրանց կարծիքով՝ այն պետք է չեղարկել։

«Որևէ դեպքում սուբյեկտիվության տարրի առկայությունը չի նշանակում՝ թերություն։ Իրական թերությունն ու բացթողումն այն է, երբ այս սուբյեկտիվությունը 100 տոկոսանոց միտում է ունեցել նախկինում, երբ ամբիոնի վարիչները նախկինում առանց մրցույթի, սեփական կամքով դասաժամերը բաժանել են»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը և հավելեց, որ այսօր փորձում են այդ ամենը կարգավորել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս