Բաժիններ՝

«Քաղաքային իշխանությունները մտել են իրենց գրասեղանների տակ ու ասում են, թե տղամարդ են, իրենց խոսքի տերն են՝ դուրս չեն գալու». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ Երևանի քաղաքային իշխանությունը մատնված է հանցավոր անգործության, որի արդյունքում էլ ամբողջ քաղաքը հայտնվել է աղբի մեջ։

Ըստ նրա՝ այս ամենի հետևում տեսնում է միտումնավորություն և կոռուպցիոն նշաններ։

«Ամբողջ Երևանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն, պատասխանատուները մտել են սեղանի տակ՝ քաղաքապետը, կոմունալ վարչության պետը և բոլոր պաշտոնատար այրերը։ Նրանք պատասխանատու են Երևանի մաքրության ու աղբահանության համար, բայց մտել են իրենց գրասեղանների տակ ու ասում են, թե տղամարդ են, իրենց  խոսքի տերն են՝ դուրս չեն գալու։ Մենք վաղուց էինք նախազգուշացնում, որ, եթե այս տեմպերով աշխատի քաղաքապետարանը, ապա ամռան ամիսներին աղբը շատ է լինելու։ Սակայն մեզ ականջալուր չլինելու հետևանքով այսօր քաղաքացին քայլում է փողոցում, ու աղբը փաթաթվում է նրա ոտքերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոնա Աղեկյանը։

Ըստ նրա՝ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը ձախողել և Երևանը դիտավորյալ դարձրել է կեղտաշաղախ վայր, բայց դրան զուգահեռ՝ նա կիսամյակը մեկ ստանում է 840 հազար դրամ պարգևավճար։

Կարդացեք նաև

Այստեղ Սոնա Աղեկյանը կոռուպցիա է տեսնում և վստահեցնում է՝ կոռուպցիան արդեն լցվել է Երևանի քաղաքապետարան, ավելին, որևէ մեկը չի կարող ապացուցել, որ նման բան չկա։

«Քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել, և ներկայիս քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Եթե նա պաշտոնապես պարգևավճարներ է տալիս այն մարդկանց, որոնք ձախողել են և իրենց գործունեությամբ չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, սա նշանակում է, որ մենք նրանց կոռուպցիա ենք տալիս»,- ասաց Ս. Աղեկյանը։

Անդրադառնալով երեկ քաղաքապետարանի մոտ անցկացրած ակցիային, Սոնա Աղեկյանն ասաց, որ այն ուներ բացատրական բնույթ, որի ժամանակ ցանկանում էին ասել, որ, բացի Երևանի աղբից, կա շինարարական աղբ, որի մասին քաղաքային իշխանությունները լռում են։

«Քաղաքային իշխանությունն իր անգործության պատճառով վերացնում է ամբողջ կանաչապատ տարածությունները։ Մեր ակցիայի ժամանակ քաղաքապետարանն ուղարկեց երկու հոգու, որոնք փորձեցին սադրել, մենք էլ ասացինք՝ եթե սադրանք եք ուզում՝ կստանաք։ Միայն նրանց կողմից են հնչել վիրավորանքներ, մենք պարզապես պատասխանել ենք իրենց գործողություններին»,- ընդգծեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս