Բաժիններ՝

Իջևանի դեպքերից հետո քանի՞ հոգի է դիմել աշխատանքի համար, քանի՞սն են հրաժարվել առաջարկներից ու ի՞նչ պատճառով. Տավուշի մարզպետը մանրամասնում է

«Իջևանի դեպքերից հետո, վերջին տվյալներով, մարզպետարանը ստացել է 192 դիմում: Բոլորին աշխատանք է առաջարկվել, հրաժարվել են 65-ը, որոնցից 36-ն այն պատճառով, որ ընտանեկան նպաստի համակարգից դուրս չմնա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Սա շատ խայտառակ վիճակագրություն է: Դեպք ունենք, երբ առաջարկել ենք 220.000 դրամ աշխատավարձ,  ու նպաստի պատճառով մարդը հրաժարվել է աշխատանքից: Ընդ որում, դա մշտական աշխատանք է՝ թեթև արդյունաբերական ձեռնարկությունում: Այսինքն, սա նորից ցույց է տալիս, որ ընտանեկան նպաստների համակարգը  քայքայիչ դեր է խաղում մեր տնտեսության մեջ, ու օր առաջ պետք է ազատվենք այս համակարգից: Այն անպայման պետք է ձևափոխվի, որպեսզի տնտեսության վրա վնասակար ազդեցություն չունենա: Ինձ համար սա ողբերգություն է և շատ ցավալի:

Մնացած 30-ը, որ հրաժարվել են, նրանք զբաղված մարդիկ են, ունեն որոշակի եկամուտ, դիմել էին, որպեսզի ավելի լավ աշխատանք ունենային, և առաջարկվող աշխատանքն ավելի լավը չի եղել,  քան իրենց ներկա աշխատանքը»,- հավելեց մարզպետը:

Հայկ Չոբանյանի փոխանցմամբ՝ առաջարկվող աշխատանքները տարբեր ոլորտներում են եղել՝ ռեստորաններ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզ, հիվանդանոցներ, շինարարություն:

Մեծ քանակությամբ աշխատատեղեր կան  զինվորական ստորաբաժանումներում, վարորդների թափուր աշխատատեղերը նույնպես շատ են:

«Երկու օր առաջվա տվյալներով՝ վերը նշված ոլորտներում  82 հոգի չի հրաժարվել առաջակված աշխատանքից: Որոշները պայմանագիր են կնքել ու սկսել են աշխատել, մյուսներինն էլ դեռ ընթացքի մեջ է: Աշխատանքը, ըստ էության, ոչ միայն շինարարության և ճանապարհաշինարարության, այլև սպասարկման ոլորտում է»,- նշեց Տավուշի մարզպետը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հայկ Չոբանյանն ասել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ աշխատավարձը սկսվում է 105.000 դրամից, մինչև օրական 15.000 դրամ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի ուշ երեկոյան բախում  էր տեղի ունեցել Իջևանում փայտի գործով զբաղվող և ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս