«Անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակի՞ցն ենք, թե՞ նրա հակառակորդը, պետք է ընդունենք, որ երկիրը ճգնաժամի մեջ է». Նարինե Դիլբարյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե պետական ինստիտուտները կաթվածահար են և, ինստիտուցիոնալ առումով՝ մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է, տարբեր քննարկումների առիթ տվեց: Փաշինյանին քննադատողները նշում են, որ սեփական ձախողումները նախորդների վրա գցելու համար հիմա էլ նման փաստաթղթի մասին է հայտարարում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդպիսի ոչ թե մեկ, այլ մի քանի փաստաթուղթ կարող է լինել, ինչի մասին, ըստ նրա՝ վկայում են Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիների գործողությունները, համակարգը ռեստավրացիայի ենթարկելու Սարգսյանի փորձերը.

«Հիշեք Կարեն Կարապետյանի նշանակումը, սահմանադրական բարեփոխումներից հետո Սերժ Սարգսյանի առաջին հայտարարությունը, որ չի պատրաստվում լինել վարչապետ, ուզում է երիտասարդների համար ճանապարհ բացել, բայց հետո հիշում եք, որ նա փոխեց իր քայլերը: Իշխանության մեջ եղել են և՛ վերլուծություններ, և՛ մենք փոքր երկիր ենք, ու հատուկ ծառայությունները հրաշալի գիտեին, թե որտեղ ինչ է կատարվում, պետբյուջեի միջոցները որտեղ են գնում, մարդիկ ինչպես են տենդերներ շահում, որոշակի պաշտոններ ստանում ու ծավալում գործունեություն: Հիմա այդ փաստաթղթին դժվար թե Նիկոլ Փաշինյանը նոր կամ վերջերս ծանոթացած լինի, որովհետև իշխանափոխությունից հետո և ԱԱԾ-ի, և հատուկ ծառայությունների մասին իրավիճակի ռեալ գնահատականի համար այդ փաստաթղթերը ներկայացրած կլինեին»:

Ն. Դիլբարյանը չի կարծում, թե այդ փաստաթուղթն ամբողջությամբ պետական գաղտնիք է պարունակում, և ըստ նրա՝ այդ հատվածները փակելով՝ կարելի է այն հանրայնացնել.

«Գուցե այդ փաստաթղթերը կօգնեն մեզ ավելի լավ հասկանալու իրավիճակը: Ինստիտուցիոնալ կաթված՝ չգիտեմ, բայց ինստիտուցիոնալ ակնհայտ ճգնաժամ կա: Մենք ունենք կառավարման ճգնաժամ, և ինստիտուտներն իրենց աշխատանքում արդյունավետ չեն: Չեն կատարվում հիմնային բարեփոխումներ, փոխվում են անձեր, որոնք չեն կարող փոխել համակարգի արդյունավետությունը: Հին գործիքակազմը, որը դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ ապացուցել էր իր անարդյունավետությունը, և ՀՀԿ-ում ևս կային թևեր ու դեմքեր, որ ուզում էին ազատականացնել համակարգը, բայց չհասան արդյունքի, դեռ շարունակում է գործել: Հիմա նոր իշխանություն է, և հանրությունը պատրաստ է կատարել նոր քայլեր, բայց դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևողական, և ոչ թե՝ արագընթաց քայլեր»:

Նրա խոսքով՝ նոր իշխանություններն արագընթաց փոխում են անձերի, բայց դա որևէ օգուտ չի տալիս. «Եթե համակարգը սխալ է ու հիմնված է հովանավորչության, կոռուպցիոն ռիսկերի, և ոչ թե՝ կառավարման վրա, ապա անձերի փոխելով՝ հաջողության հասնել չեն կարող: Անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակի՞ցն ենք, թե՞ նրա հակառակորդն ենք, պետք է ընդունենք, որ երկիրը ճգնաժամի մեջ է, ու դա այս մեկ տարվա ընթացքում չի առաջացել:

Հիշեք ապրիլյան պատերազմը, հիշեք այն հանձնաժողովը, որը նախորդ իշխանությունը ստեղծել էր՝ պարզելու համար, թե որտեղ է գտնվում վառելիքը, ինչու մեր բանակը պատրաստ չէր եղել: Մենք փոքր երկիր ենք, բոլորս գիտենք, ենթադրենք՝ մարզպետ դառնալու համար ինչպիսի գումարներ էին շրջանառվում: Այսինքն՝ այնպես չէ, որ մեկ տարվա ընթացքում են ստեղծվել այդ աղետալի երևույթներն ու անարդյունավետ համակարգը, իսկ հիմա համակարգը բարեփոխելու ժամանակն է: Բայց համակարգը բարեփոխելու համար պետք է քաղաքական կամք և պրոֆեսիոնալ մեծ ներուժ»:

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ նման փաստաթղթի մասին հայտարարելով՝ Փաշինյանն ինչ-որ չափով նպատակ ունի ցույց տալու, որ իր թիմի գործողության դանդաղկոտությունը պատճառաբանված էր ստացած վատ ժառանգությամբ.

«Բայց այս մեկ տարվա ընթացքում պետք էր իսկապես կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, հավաքել արհեստավարժ թիմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, օգտագործել միջազգային փորձը և իսկապես փոխել և գործադիր իշխանության կառուցվածքը: Բայց դրա փոխարեն՝ հրդեհները մարելու քաղաքականություն էր որդեգրվել, և համակարգային փոփոխություններից խույս տալու, դրանցից վախենալու միտումներ կային: Համակարգը փոխել դժվար է, դրա համար քաղաքական մեծ կամք է պետք, բայց եթե այդ քաղաքական կամքը չլինի, ապա այս համակարգով մենք չենք կարող ժողովրդավարացնել Հայաստանը»:

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ՝ շոումեն. ««Կախարդական փայտիկը» չի աշխատում, հիմա նոր բան պետք է ասի»:

Իսկ Արփինե Հովհաննիսյանը Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց բավականին երկար ու փաստարկված գրառմամբ: «Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են»,- նշել էր Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս