«Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա քաղաքական խաբեբա է, չի կատարել իր խոստումները ու պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մի բան է ասում՝ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա:
«Նա ասում է, որ ձախողել է, որ այս մեկ տարվա մեջ իր տված խոստումները չի կատարել, որպես պետության ղեկավար՝ ադեկվատ չէ, ու պետք է հեռանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարել է, որ իր ձեռքում է հայտնվել գաղտնի մի փաստաթուղթ, որը հստակ պատկերացում է տալիս՝ ինչ վիճակում է Հայաստանը.
«Այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և, ինստիտուցիոնալ առումով, մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ առանց որևէ փաստաթղթի էլ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանն ամենավատ գնահատականներն է տվել, բայց իշխանության գալիս նշել է, թե «կախարդական փայտիկ» ունի, բոլոր խնդիրները կլուծի.
«Մի կողմ դնենք՝ դա ինչ փաստաթուղթ է, այն կա՞, թե՞ ոչ, ինչ է այնտեղ գրված. Փաշինյանն ասում է՝ այդ փաստաթղթում գրված է, որ ինստիտուցիոնալ վիճակը վատ է, դրա համար չի կարողացել այս մեկ տարվա մեջ այդ խնդիրները լուծել: Մինչ իշխանության գալն ամենավատ գնահատականները դու ես տվել, ինչ ասես՝ ասել ես, բայց ասել ես՝ ունեմ «կախարդական փայտիկ», բոլոր խնդիրները կլուծեմ: Հիմա, փաստորեն, այդ փաստաթուղթն է մեղավո՞ր, որ Արցախը բանակցային սեղան չի դառնում, որ Հայաստանում ներդրումներ չկան, որ աշխատատեղեր են փակվում, որ մամուլի նկատմամբ ճնշումներ են, որ դատարաններն են շրջափակվում, որ ԱԺ-ի վրա ճնշում է գործադրվում կամ Սահմանադրական դատարանն ուզում են յուրացնել: էս ո՞ւր ենք հասել»:
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չէ. «Նա շոումեն է. «կախարդական փայտիկը» չի աշխատում, հիմա նոր բան պետք է ասի: ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանից ավելի սուր ու վատ, ավելի կոլապսային Հայաստանի վիճակը որևէ մեկը չներկայացրեց, մինչև իր իշխանության գալը: Այնպես չէ, որ ինքը մինչ այդ ասել է՝ Հայաստանի վիճակը շատ լավ է, հիմա նոր իմացել է այդ փաստաթղթից, որ շատ վատ է: Ինքն իր երեկվա հայտարարությամբ փորձում է արդարացնել, թե ինչու իր խոստումները չի կատարել: Երեկվա իր լայվը մի բանի մասին էր, որ ինքն օր առաջ պետք է գնա, որ ինքը ձախողել է:
Մեկ տարի առաջ եկել ես իշխանության, հազար հատ խոստում ես տվել, բայց ոչ մի խոստում չես կատարել: Հրապարակիր էդ փաստաթուղթը, էլ չեմ ասում, որ նշում ես՝ գաղտնի փաստաթուղթ է, ու դրա վերաբերյալ հայտարարություններ ես անում: Փաշինյանը ՄԱԿ-ում կանգնել-ասել է՝ Հայաստանն ավտորիտար երկիր է, դրանից ավելի խիստ գնահատական կարո՞ղ էր լինել: Այս հայտարարության նպատակը մեկն է՝ մարդկանց ուշադրությունը շեղել իր՝ սպասվող ձախողումներից:
Եթե ինքը մի քանի ամիս առաջ խոսում էր 100 ձեռքբերման մասին, դրանից առաջ ասում էր՝ «թավշյա հեղափոխությունը» դրական է ազդել Հայաստանի վրա, ու ներդրումները շատացել են, հետո ասաց՝ տնտեսական հեղափոխություն, հիմա արդեն 180 աստիճան պտտվում է, ասում է՝ ինչ ասել եմ՝ անհնար է: Չի ասում՝ անհնար է, քանի որ կախարդական փայտիկը չկա, այլ, որ նման փաստաթուղթ կա»:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ քաղաքական ավանտյուրիստներն ու պոպուլիստները բոլոր ժամանակներում ու հիմա էլ գալիս են իշխանության, բայց նրանց իշխանության գալը նախ շատ ծանր է նստում ժողովրդի վրա, երկրորդ՝ ժողովուրդը նրանց լարելով ճանապարհում է տուն:
«Նրանք կամ փախչում են, կամ հրաժարական են տալիս: Հիմա Նիկոլը, եթե խելք ունենա, պետք է հրաժարական տա, բայց քանի որ ինքը հրաժարական չի տա, ես ասել եմ՝ ինչ ցանես, այն էլ կհնձես. այն համաժողովրդական ալիքը, որն իրեն բերել է իշխանության, իրեն հեռացնելու է իշխանությունից: Տեղի ունեցածը բազմագույն հեղափոխություն էր, որտեղ սկսած աղանդավորներից՝ մինչև տրանսգենդերներ, սեռական փոքրամասնության ակտիվիստներ, վերջացրած ուժային տարբեր կենտրոնների ներկայացուցիչներով, գրանտակերներով, օժանդակել են իրեն»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ երկիրը, այս մեկ տարի է՝ գոյատևում է այդ պետական ինստիտուտների իներցիայի հաշվին.
«Պետությունը, որ այս մեկ տարվա մեջ դեռ շնչում է, այս 30 տարվա ընթացքում ստեղծված ինստիտուտների հաշվին է, որոնք այս մեկ տարվա ընթացքում նա քանդում է: Ինստիտուտներ չունեցող երկիրն ապրիլյան պատերազմում է հաղթել, ռուս-վրացական պատերազմի միջով է անցել, «Սասնա ծռերի» միջով է անցել, երկու հատ ճգնաժամ է հաղթահարել, տնտեսությունը երկու անգամ աճել է, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել, դե տղա ես՝ դա էլ հրապարակի: Ես բան չունեմ ասելու՝ սա հերթական շոուն էր, հերթական դավադրությունը պետության դեմ: Օտարերկրյա գործակալների մասին երևի մոռացել եք. մի պետության ղեկավար, որ հայտարարի, թե երկրում կան օտարերկրյա գործակալներ, ու նրանց անունները չտա, կամ ուժային կառույցները գոնե մեկ օտարերկրյա գործակալ, որը քաղաքականությամբ է զբաղվում, չեն ձերբակալում, ու այդ մարդը մնում է իշխանության, ուրեմն՝ այդ պետությունն ու հասարակությունը ապագա չունեն: Ես զարմանում եմ, որ դուք Փաշինյանի ասածներից զարմանում եք. Դուք լո՞ւրջ եք ընդունում էդ մարդուն»:
Ամփոփելով՝ ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց. «Երեկվա նրա հայտարարությունը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական խաբեբա է, չի կատարել իր խոստումները ու պետք է հեռանա: Սա ինքնախոստովանություն էր, որ ինքը ձախողել է, երկրորդ՝ ինքը խաբել է ժողովրդին, որևէ բան չի արել ու դա ընդունում է, երրորդ՝ փորձում է ժողովրդին շեղել, նոր օրակարգ բերել, չորրորդ՝ բա եթե վիճակն այդքան վատ էր, էս մեկ տարվա մեջ 20 մեքենան հետևիցդ կապած ինչո՞ւ էիր «գուլյատ» լինում, ինչո՞ւ էիր Վիետնամ ու Սինգապուր գնում: Պետական ինստիտուտներն ինքն է քանդել, պետական ինտիտուտների ճգնաժամը հիմա է, ԱԺ-ն վերածել ես ախոռի, որտեղ բոլորը քեզ ծափահարում են, որտեղ մեկ-երկու հոգու հանած՝ այլընտրանքային կարծիք չկա, դատական իշխանությունն ուզում ես վերածել ախոռի, որ լինեն քո կամակատարները, կառավարությունում քեզ հետ քայլողներն են կամ «դավաճանները»»:
Ռազմիկ Մարտիրոսյան