Բաժիններ՝

Թուրքական «Յավուզ» նավը սկսել է հորատման աշխատանքները

Թուրքական «Յավուզ» նավը սկսել է հորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:

«Յավուզ»-ը թուրքական երկրորդ նավն է, որը հորատման աշխատանքներ է իրականացնում Միջերկրականի արևելքում: Ըստ տեղեկությունների՝ այն երկուս ու կես ամիս աշխատելու է Կիպրոս կղզու արևելյան շրջաններում:

Նավի անձնակազմը բաղկացած է 140 հոգուց, որոնք 12 ժամ աշխատելուց հետո կարող են օգտվել նավի ժամանցի սրահներից:

Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հունիսի 20-ին Թուրքիայի Քոջաելլի նահանգի նավահանգստից սկսելով ուղևորությունը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:

Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հուլիսի 15-ին հրապարակել էր Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները: Հիմնավորում էր հանդիսացել այն փաստը, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Սակայն Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ չի դադարեցնելու հորատման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս