«Նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։
Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին։
Նույնիսկ այս պարագայում, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ։
Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։
Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։
Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը։
Որպես կառավարության անդամ՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության։
Հ.Գ. Պատրաստվում եմ օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու արժանապատվությունս և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքս»։
Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց…
Gepostet von Zara Batoyan am Mittwoch, 7. August 2019