«Պետք է անհապաղ նիստ հրավիրվի, Քոչարյանն ազատ արձակվի». Սահմանադրագետ

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործում որևէ գործողություն չիրականացնելու պատճառներից մեկը հիպոթետիկ ձևով կարող է լինել կասեցված վարույթի վարկածը, քանի որ որոշումներից մեկը վերաբերում էր որոշման կասեցմանը,  որի օրինականությունը Վճռաբեկ դատարանը դեռ չի պարզել։

«Եթե պարզվի, որ վարկածներից մեկը սա է, ապա այդ դեպքում կալանավորում առհասարակ չէր կարող լինել, քանի որ կասեցված վարույթը բացառում է դատավարական գործողությունների կատարումը, այդ թվում՝ կալանավորումը։ Կասեցման որոշումը բեկանելու մասով ուժի մեջ էր մտել հրապարակման պահից, հետևաբար՝ գործողությունները պարտավոր էին ձեռնարկվել հենց այդ պահից սկսած։ Բացի այդ, իրավակիրառական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ առկա է լինում ըստ էության գործը չլուծող բողոք, ապա  քննությունը շարունակվում է»,- շեշտեց Արամ Վարդևանյանը։

Նրա բնորոշմամբ՝ Քոչարյանի գործով այսօր առկա է աննախադեպ երևույթ, որին նախկինում ինքը և մի շարք գործընկերներ երբևէ չեն հանդիպել։

Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանում առհասարակ չապահովեցին անձին լսելու իրավունք, որի վերաբերյալ այսօր առհասարակ որևէ գործողություն չի իրականացվում։

«Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, ինչը նշանակում է, որ այդ հոդվածով որևէ անձ չի կարող լինել անազատության մեջ՝ խափանման միջոց կալանավորման տեսքով։ Այս հարցին պետք է անհապաղ լուծում տրվի, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, այս պարագայում՝ դատարանը, պետք է  դրան արձագանքեր։ Բայց վարույթ իրականացնող մարմինը գոյություն չունի, քանի որ դատավորի լիազորությունները կասեցրել են։ Թե ինչո՞ւ են կասեցրել, դա լրիվ այլ հարց է, որովհետև խուզարկությունը, որն այդ գործողության հիմքն էր, բեկանվել է»,- ընդգծեց նա։

Նա հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին ՀՔԾ-ն կատարելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն՝ պարզել էր, որ քրեական գործ հարուցելու որևէ հիմք չկա։ Այստեղ սահմանադրագետի համար հարց է առաջանում, թե այդ ի՞նչ երևան եկած հանգամանք է պարզվել, որ վրա հասան նման հետևանքների։ Նրա համար նաև հարց է, թե ԲԴԽ-ն ինչպես կարող է ի վերջո պարզաբանել, թե ինչո՞ւ մինչև այժմ մակագրում տեղի չի ունեցել։ Քանի որ չի կարող լինել որևէ գործ, որ վարույթ իրականացնող մարմին փաստացի չլինի։
Հարցին՝ այս պարագայում ի՞նչ պետք է անեն, քանի որ Քոչարյանի գործում չկան զարգացումներ, և բացակայում է  դատավորը, Արամ Վարդևանյանը նախ հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանում, երբ ներկայացվել էր ինքնաբացարկի միջնորդություն, գործը ձգձգվում էր, իսկ դատարանում բացատրում էին, որ փաստաբաններն են փորձում ամեն ինչ ձգձգել։

«Պետք է անհապաղ նիստ հրավիրվի, Քոչարյանն ազատ արձակվի, քանի որ առնվազն այս փուլում հաստատված է, որ չի կարող լինել կալանավորում»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս