«Ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է». Փաստաբանը՝ BBC-ի անդրադարձի մասին

«Դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտն անմիջապես ուժի մեջ է մտել, և գործը վերսկսված է օրենքի ուժով։ Այլ հարց է, որ այդ վերսկսված գործի պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը սկզբում՝ Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում՝ դատարանի նախագահի մեղավորությամբ, այս գործընթացին ընթացք չի տալիս և չի քննում  թե′ գործը, թե′ մեր ներկայացրած միջնորդությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործի ընթացքին։

Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսքը լինի ոչ թե իրավական կարգավորման, այլ պատասխանտվության մասին, քանի որ այն պաշտոնատար անձինք, որոնց պարտականությունների մեջ մտնում է  դատական նորմալ գործընթացի ապահովումը, իրենց լիազորություններում թերացել են, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ առնվազն մի քանի քրեական հոդվածներ։

Անդրադառնալով BBC-ի անդրադարձին, որտեղ նշվում է, որ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված զորքը՝ գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ղեկավարությամբ, Հովհաննես Խուդոյանն ասաց, թե նախ պետք է հասկանան՝ ի՞նչ է նշանակում՝ «գործով պարզ է դարձել»։ Եթե քննիչը հարցադրում է անում, թե արդյո՞ք այդ հանգամանքներն իրականություն են, ապա դա դեռ չի նշանակում, որ գործով դա հաստատվել է։

«Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի։ Պնդում եմ՝ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է, ասեմ ավելին, եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ։ Մի քանի հոգու հարցաքննություն եթե տեսնեք, մոտավորապես կպատկերացնեք, թե քննիչն ինչպես է այդ հարցաքննությունն իրականացնում։ Որակի առումով քննիչը վկաներին տալիս է իրավական բնույթի հարցեր»,- շեշտեց Հ. Խուդոյանը։

Նա հիշեցրեց, որ դատական նիստերի ժամանակ Քոչարյանը բազմիցս ասել է, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ իրադարձությունների մասին է իրեն զեկուցել, այդ թվում՝ կազմակերպվող ինչ-որ սադրանքների։

«Մենք հարցում ենք արել ԱԱԾ-ին, որպեսզի այդ նյութերը տրամադրեն, հասկանանք, թե դրանք ինչ են, սակայն այնտեղից պատասխանել են, որ նման նյութեր չկան։ Այդ նյութերն իրականում մեզ շատ հետաքրքիր են, քանի որ ենթադրում ենք, որ դրանց մեջ կարող են լինել այն նյութերը, որոնց մասին պարոն Քոչարյանը խոսում էր»,- նշեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս