«Համարում ենք` սա է Հայաստանի արձագանքը». Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը, որտեղ նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես, երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու՝ Ադրբեջանի անկարողությունը»:
168.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նաև վարչապետ Ն. Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից՝ պարզելու, թե ինչպիսի արձագանք է լինելու Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ հնչեցված անձնավորմանն ու որակումներին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերատեսչությունից նշել էին, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, և նրա թուլությունը՝ որպես քաղաքական գործիչ»:
Վլադիմիր Կարապետյանը հղում արեց ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը՝ նկատելով, որ դա միջազգային հարց է, և պետության տեսակետն արտահայտվել է ԱԳՆ հայտարարության մեջ. «Խոսքը միջպետական մակարդակի հարցի վերաբերյալ է, ինքը չի կարող տարբեր լինել: Համարում ենք` սա է Հայաստանի արձագանքը»:
Զարուհի Դիլանյան