Բաժիններ՝

Տղամարդը շշով հարվածել է 37-ամյա համագյուղացու գլխին, ապա դանակով հարվածել նրա որովայնին

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հանգստյան գոտում վիճաբանել է նույն մարզի 1982թ. ծնված  բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ եղած սուր, կտրող-ծակող գործիքով հարվածել է 37-ամյա տղամարդու որովայնի շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 37-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հանգստյան գոտում խնջույքի ժամանակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 1979թ. ծնված տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ շշով հարվածել է 37 ամյա համագյուղացու գլխին, ապա՝ իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս որովայնին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը և առգրավվել, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես վկաներ:

Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս